Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանյան, այսպես կոչված, առաջատար հեռուստաընկերությունները որոշել են լրջորեն զբաղվել սեփական վարկանիշը բարձրացնելու գործով: Եթերից յուրաքանչյուր ժամը մեկ արվող ինքնագովազդը հավանաբար որեւէ ազդեցություն չի թողնում: Ահա եւ որոշել են ամեն շաբաթ հրապարակել «առավելագույնը դիտված» հեռուստաալիքների եւ հեռուստահաղորդումների ցանկը: Ճիշտ է, այդ գործով հեռուստաընկերությունների ղեկավարներն անձամբ չեն զբաղվում, բայց ակնհայտ է, որ այս «պատվերով համերգը» իրականացվում է հենց նրանց նախաձեռնությամբ:
Արդեն մեկ ամիս է, ինչ հրապարակվում են ամենշաբաթյա արդյունքները, համաձայն որոնց` հայաստանյան հեռուստաշուկայում ամենաբարձր վարկանիշ ունեցող հեռուստաընկերությունների թվում մշտապես պահպանվում նույն անվանումները` Հ1, «Արմենիա», «Շանթ», Հ2, «Ա Թի-Վի»: Եվ հենց այս հեռուստաալիքների եթերում ցուցադրվող սերիալներն ու հաղորդումներն են համարվում «առավելագույնը դիտված 50 հեռուստահաղորդումները»:
Բնականաբար, Թերթ.am-ը եւ «Տելեմեդիակոնտրոլ» ընկերությունը չեն բացահայտում այն «գործիքները», որոնց միջոցով իրականացնում են սույն մեդիաչափումները: Միայն հերթական արդյունքները հրապարակելիս նշում են հետեւյալը. «Նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանի 4 եւ ավելի բարձր տարիքի քաղաքային բնակչության շրջանում առավելագույնը դիտված 50 հեռուստահաղորդումները»: Ինչից կարելի է ենթադրել, որ 4 տարեկանները եւս սահմանված փրայմ-թայմի ընթացքում` ժամը 18:00-ից մինչեւ կեսգիշեր, դիտում են ոչ միայն սերիալներ ու հաղորդումներ, այլեւ բոլոր լրատվական ծրագրերը, որոնք եւս մեդիաչափումներ իրականացնողները ընդգրկել են «առավելագույնը դիտված» 50-ի մեջ: Հենց այդպես, մանկապարտեզային տարիքի երեխաները մեծահասակներից ոչ պակաս ակտիվությամբ են հետեւում «Հայլուր», «Ժամը», «Հորիզոն» լրատվականների հիմնական թողարկումներին:
Ինչ վերաբերում է սերիալներին, ապա ըստ մեդիաչափողների` 4 եւ ավելի բարձր տարիքի քաղաքային բնակչությունը օրն սկսում եւ մթնեցնում է` «Հրեշտակների դպրոց», «Աննա 2» սերիալները դիտելով: Բաց չի թողնում նաեւ «Դժվար ապրուստը», «Եզրագծից այն կողմը», վայելում է «Քաղցր կյանքն» ու «Կյանքի կարուսելը»: Մի խոսքով, նայում, նայում ու չի կշտանում այս տխմարագույն սերիալներից, որոնց թիվը ցանկում շատ է` «Բանակում», «Կարգին սերիալ», «Կյանքի գինը», «Ուր է իմ տղամարդը» եւ այլն: Վերջինում, ի դեպ, սիրատոչոր կնանիք գեղեցկության սրահներից դուրս չեն գալիս եւ հիմնականում «հոգեբանական-հուզախռով» զգացումները արտահայտում են պեդիկյուր-մանիկյուր-տատու անելու արանքում:
Դե իսկ «Կյանքի կարուսելի» մասին խոսք չկա. սյուժեների մեծ մասը կառուցված է մարդկային ամենաստոր բնազդները ցուցանելու սկզբունքով (ասենք, նույն տղամարդը քնում է ե՛ւ մոր, ե՛ւ դստեր հետ եւ այլն):
«Հրեշտակների դպրոցը» դիտող բարձր դասարանցիներն էլ փորձում են հասկանալ՝ հնարավո՞ր է որեւէ դպրոցում նման բան տեղի ունենա. դե չեն կարողանում հասնել կիսագրագետ, հավակնոտ սցենարիստների «երեւակայության» հետեւից, որոնք դպրոցը վերածել են կատարյալ բարդակի ու քրեական հաշվեհարդարների թատերաբեմի:
«Առավելագույնը դիտված» հաղորդումների շարքում են «Ճամփորդություն Թաթայի հետ», «Թոփ 10», «Քաղցած չէին սպասում» եւ այլն: Մի խոսքով, գլամուրա-ռաբիսային ճահիճ: Ի դեպ, «Քաղցած չէին սպասում» հաղորդման հեղինակները «թույն» միտք են հղացել. այցելում են շոու-բիզնեսի հերթական «աստղերից» մեկի տուն, նրա հետ գնում սուպերմարկետ, առեւտուր անում, վերադառնում ու սկսում միասին ճաշ պատրաստել: Պատկերացրիք, չէ՞, թե ընթացքում ինչի մասին են զրուցում դատարկամիտները:
Հա, մոռացանք, «առավելագույնը դիտվածների» ցանկում են նաեւ նշված հեռուստաալիքների եղանակի տեսությունները: Նաեւ ժամկետանց «Վիտամինը», ինչպես փտած ու փչացած «32 ատամը»:
Իսկ թե ո՞րն է այս մեդիաչափումների նպատակը, ավելի քան պարզ է: Հեռուստաընկերությունների ղեկավարները, նման չափումներ կազմակերպելով եւ պարբերաբար դրանց արդյունքները հրապարակելով, բոլորին պարզորոշ ասում են, որ սա է մեր եթերի բովանդակությունը, սա էլ մնալու է, քանզի այն ամենից, ինչից դժգոհում է հանրության ողջամիտ հատվածը, դրանք «առավելագույնս դիտվող» սերիալներն ու ծրագրերն են: Ի՞նչ եք ուզում մեզանից, ահա խնդրեմ, 4 տարեկանից մինչեւ 100 տարեկան քաղաքային բնակչությունը մեր եթերից աչքը չի կտրում: Եվ պատահական չէ, որ հատուկ ընդգծում են քաղաքային բնակչությունը. իբր, տեսեք, որ մեր հաղորդումները դիտում են ոչ թե «անգետ ու անճաշակ գյուղական բնակչությունը», այլ «որոշակի ինտելեկտ ունեցող» քաղաքաբնակները: Ինչը նշանակում է, որ մեր եթերում ամեն ինչ կարգին է:
Նման մեդիաչափումներով նաեւ փորձում են փակել Հանրային խորհրդի բերանը, որտեղ երբեմն-երբեմն քննարկումներ են կազմակերպվում հայկական հեռուստաեթերի տհաճ ու տգեղ դեմքն ու բովանդակությունը փոխելու թեմայով, եւ խորհրդի անդամները, փոխանցելով քաղաքացիների դժգոհությունները, հաճախ սուր քննադատության են ենթարկում հեռուստաընկերությունների պատասխանատուներին:
Բացի դրանից, ժամանակին ինչ-որ չափորոշիչներ սահմանվեցին, որոնց պետք է հետեւեին հեռուստաալիքների ղեկավարները: Բնականաբար, դա էլ մնաց թղթի վրա, եւ իրականացվող հեռուստաքաղաքականությունը այդպես էլ չփոխվեց: Դե, հիմա էլ ինչպե՞ս փոխվի, երբ հայտնի են «առավելագույնը դիտված» 50 հեռուստահաղորդումները: Այնպես որ, նույն տեմպերով շարունակվելու է ազգը այլասերելու, հիմարացնելու եւ դեգրադացնելու եթերային գործընթացը:
Կիմա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«Հայոց աշխարհ»