Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 15-ին աշխարհը նշում է մանկական քաղցկեղի դեմ պայքարի օրը:
Այսօր մանկական քաղցկեղի թեմային են անդրադարձել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը եւ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Գրիգորի Բադալյանը: Բանախոսները հատկապես հորդորել են` երբեք չփորձել քաղցկեղը բուժել տնային պայմաններում կամ հեքիմական եղանակներով:
Գիտության եւ բժշկության զարգացմանը զուգահեռ, ցավոք, տարեցտարի աճում է նաեւ քաղցկեղով հիվանդացողների թիվը: Յուրաքանչյուր տարի գրանցվում է հիվանդության 3-4% աճ, այդ թվում նաեւ` Հայաստանում: Եթե 1995-ին 100 000 բնակչի հաշվով գրանցվել էր 95 դեպք, ապա 2009-ին` 190 դեպք: Քաղցկեղը Հայաստանում ամենից շատ տարածված է Երեւանում, Շիրակի մարզում եւ Լոռիում, ամենացածր ցուցանիշը գրանցվել է Գեղարքունիքում:
Մանկական քաղցկեղով տարեկան հիվանդանում է 200 000 երեխա: Հայաստանում ամեն տարի միջինում գրանցվում է մանկական քաղցկեղի 80-90 դեպք: Քաղցկեղով հիվանդ փոքրիկներին` 70%-ի դեպքում, հնարավոր է փրկել:
Մինչ օրս հայտնի չէ, թե որն է քաղցկեղով հիվանդանալու հիմնական պատճառը: Առավել ընդունելի է համարվում վիրուսագենետիկ տեսությունը, իհարկե, մեծապես ազդում են նաեւ էկոլոգիական խնդիրներն ու սխալ սնունդը, վտանգավոր է հատկապես ծխախոտի չարաշահումը: Ի դեպ, ընկերքի միջոցով հիվանդ մորից քաղցկեղը կարող է փոխանցվել նաեւ նորածնին:
Թեեւ քաղցկեղի բուժման վերջնական տարբերակը դեռեւս չի հայտնաբերվել, նախորդ տասնամյակի ընթացքում ուռուցքաբանության ոլորտում գրանցվել է զգալի առաջընթաց, հատկապես` ախտորոշման եւ հակաուռուցքային քիմիաթերապիայի բնագավառներում: Աշխարհում քաղցկեղը դադարել է լինել միայն առողջապահական խնդիր, այն նաեւ սոցիալական լուրջ խնդիր է:
Հայաստանը նույնպես քաղցկեղի դեմ պայքարող երկրների շարքում է: Մեր երկրում քաղցկեղի բուժման գները հետեւյալն են. վիրահատական բուժում` նվազագույնը` 104 000 դրամ, ախտորոշում` 45 000 դրամ, քիմիաթերապիա` 140 000 դրամ: Ի դեպ, սրանք անցյալ տարվա թվերն են, այս տարի վճարը բարձրացել է: Երեխաների դեպքում գործում է նույն գնային համակարգը, բացառությամբ մինչեւ 7 տարեկան երեխաների, ովքեր բուժումը ստանում են պետական պատվերի շրջանակներում:
Միջազգային առողջապահական կազմակերպության վերջին տվյալներով` արդեն 2020-ին աշխարհում կլինի քաղցկեղով հիվանդ ավելի քան 20 միլիոն մարդ: