Փոխարժեքներ
07 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.9 |
EUR | ⚊ | € 408.17 |
RUB | ⚊ | ₽ 3.5437 |
GBP | ⚊ | £ 491.92 |
GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեվեդեւի միջնորդությամբ` Թաթարստանի Կազան քաղաքում նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ հունիսի 24-ին կայացած հանդիպումն արդարացրեց իրատեսների ակնկալիքները. Հայաստանն ու Ադրբեջանը բոլորովին էլ մոտ չեն ստորագրելու փաստաթուղթ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ:
Եթե առանց վերապահումների հավատանք Հայաստանի արտգործնախարարի խոսքերին, ապա «Կազանը բեկումնային չեղավ, որովհետեւ Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին (Սոչիի) տարբերակը»: Նախագահների հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանը հայ լրագրողներին ասել է նաեւ, որ «ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց, եւ դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ»:
Այսօր բանակցային սեղանին դրված փաստաթուղթը կազմված է 14 հիմնարար սկզբունքներից, եւ եթե իրավամբ Ադրբեջանը մոտ 10 փոփոխություն է առաջարկել, նշանակում է, որ Բաքուն գրեթե ամբողջությամբ մերժում է կարգավորման հիմնարար սկզբունքները, այլ խոսքով՝ ադրբեջանական կողմը տապալում է բանակցային գործընթացը:
Այսպես է, թե ոչ, ցույց կտա մոտ ապագան՝ բանակցությունների հաջորդ փուլը: Անշուշտ, չպետք է բացառել, որ Ադրբեջանը, 10 փոփոխություններ առաջարկելով, հետապնդում է մարտավարական նպատակներ, այսինքն՝ Հայաստանից 10 պահանջ է ուզում, որ հետագա բանակցություններում ներկայացված պահանջների մեծ մասից հրաժարվի՝ դա ներկայացնելով «զիջում, փոխզիջում կամ բարի կամքի դրսեւորում», որպեսզի գոնե հայկական կողմից եւս մեկ զիջում հնարավոր լինի կորզել:
Գուցե Ադրբեջանը այս մարտավարությունն է որդեգրել, սակայն հաստատ է մի բան. Հայաստանը եւ Արցախը զիջելու տեղ չունեն: Որպեսզի պարզ լինի, թե ինչ զիջումների մասին է խոսքը, ներկայացնենք այն փաստաթուղթը, որի շուրջ նախագահները չեն կարողացել համաձայնության հասնել Կազանում:
Ներկայացնենք դրանցից առաջին չորսը, որոնք ամենակարեւորն են:
Առաջին. Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի՝ հանրաքվեի միջոցով, որը ենթադրում է ԼՂ բնակչության կամքի ազատ եւ արդար կամարտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն հետագա բանակցություններում:
Երկրորդ. Միջանկյալ ժամկետի ընթացքում՝ մինչեւ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, վերջինիս բնակիչները կունենան որոշակի իրավունքներ եւ առավելություններ, մասնավորապես՝ ԼՂ բնակչությունը իրավունք է ունենալու ընտրելու պաշտոնյաներ` միջանկյալ շրջանում կառավարելու համար: Այդ պաշտոնյաները կիրականացնեն օրենսդիր եւ գործադիր իշխանություն, ինչպես նաեւ կհիմնեն դատարաններ: ԼՂ միջանկյալ իշխանությունները կունենան դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն ԼՂ-ին վերաբերող հարցեր: ԼՂ-ն կարող է անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը պարտադիր չէ: ԼՂ-ն կարող է ստանալ արտասահմանյան երկրների եւ միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակությունը:
Երրորդ. Հայկական ուժերը դուրս են գալիս նախկին ԼՂԻՄ հարակից բոլոր տարածքներից: Հայկական ուժերը դուրս են բերվում Քարվաճառի (Քելբաջարի) շրջանից եւ Լաչինի ոչ միջանցքային տարածքներից: Հայկական սահմանափակ զորամիավորում տեղակայվելու է այն տարածքում, որը որոշելու է Միջազգային անցումային հանձնաժողովը` մինչեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Քարվաճառի շրջանի վերահսկողությունն իրականացնելու է Միջազգային անցումային հանձնաժողովը, որը ներառելու է Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների: Քարվաճառի հայ բնակչության դուրս գալը շրջանից խրախուսվելու է: Ադրբեջանական տեղահանված անձինք վերադառնալու են Քարվաճառի շրջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո:
Չորրորդ. Համաձայնեցված լայնության միջանցքը պետք է կապի Հայաստանն ու ԼՂ-ն: Մինչեւ ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումը այդ միջանցքը պահպանելու է այն կարգավիճակը, որը առկա էր փաստաթղթի ստորագրման պահին: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո միջանցքի կարգավիճակը կկարգավորվի` հաշվի առնելով ԼՂ վերջնական կարգավիճակը:
Այսպիսով, կարող ենք ասել, որ Կազանում փակուղին չարյաց փոքրագույնն էր հայկական կողմի համար: Անշուշտ, պետք է պատրաստ լինել ադրբեջանական կողմի հնարավոր արկածախնդրություններին, հատկապես` Հայաստան-Ադրբեջան եւ Արցախ-Ադրբեջան սահմաններում:
Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ