|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայկական կողմը Կազանից փաստացի երկու դիվանագիտական հաղթանակ կորզեց:
Նախ` չստորագրվեց «խոստումների դիմաց տարածքներ» տրամաբանությունն ունեցող Մադրիդյան սկզբունքների շրջանակային փաստաթուղթը, երկրորդ՝ տապալման պատասխանատվությունը փաստացի ընկավ Ադրբեջանի վրա:
ԼՂ հարցում Կազանից հետո ստեղծվել է վակուումային այնպիսի իրավիճակ, երբ ո՛չ բանակցողները եւ ո՛չ էլ միջնորդները չգիտեն՝ ինչ է լինելու շարունակությունը: Վերջնագիծն ավելի նպաստավոր դիրքում հատելն այս անորոշության պայմաններում ոչ թե լիցքաթափվելու, այլ ջանքերը բազմապատկելու խնդիր է առաջադրում՝ ոչ միայն ամրապնդելու միջազգային հանրության համոզմունքը Ադրբեջանի ապակառուցողականության եւ ռազմատենչության, այլեւ նախկինում թույլ տրված սխալները սրբագրելու եւ հակամարտության խեղաթյուրված էությունը տարածքային վեճից դեպի ժողովուրդների ինքնորոշման հարթություն տեղափոխելու առումով:
Սա այն քիչ առիթներից է, երբ ոչ թե մյուսների շահերին հարմարվելու, այլ իրական նախաձեռնողականություն ցուցաբերելու եւ դրանից ազգային շահերի համատեքստում դիվիդենդներ ձեռք բերելու հնարավորություն է ստեղծվել: Խնդիրն այն է, սակայն, թե որքանո՞վ է իրավիճակի առանձնահատկությունը գիտակցում իշխանությունը եւ որքանո՞վ է դրան պատրաստ: