| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ուղերձ է հղել, որով բոլոր բացասական լիցքերը բաց թողնելու և համախմբվելու կոչ է արել: Ներկայացնում ենք ՀՀ առողջապահության նախարարի ուղերձը.
«Սիրելի հայրենակիցներ, վերջին երկու ամիսների ընթացքում մենք ապրել ենք թերևս մեր կյանքի ամենաբարդ օրերը: Հիմա, երբ գտնվում ենք հետպատերազմյան վիճակում` ցավն ավելի հաճախ է հիշեցնում իր գոյության մասին: Պատերազմը շատ խորը և ցավագին հետևանքներ է թողել բոլորիս և հատկապես իրենց որդիներին կորցրած հայրերի և մայրերի վրա: Բայց, այնուամենայնիվ, այս իրավիճակում շատ կարևոր է չկորցնել սառը, սթափ դատողությունը և պահն օգտագործել վերաիմաստավորելու մեր արժեքները:
Նախ, ուզում եմ դատապարտել բռնության բոլոր դրսևորումները. այն չի եղել ու երբեք չի լինի մեր քաղաքական օրակարգում: Բայց, ցավոք, մենք ինքներս չկարողացանք անմասն մնալ դրանից:
Դատապարտում եմ կառավարության, Ազգային ժողովի շենքերի վրա կատարած հարձակումները, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունները, ինչպես նաև հաշվեհարդար տեսնելու բոլոր կոչերը: Այս երևույթները երբեք ու երբեք չպիտի ամրապնդվեն և արմատանան մեր երկրում:
Մենք` հայերս, նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում միշտ աչքի ենք ընկել մեր միասնականությամբ և մեկս մյուսին օգնելու պատրաստակամությամբ:
Սիրելի ժողովուրդ,
Այո ՛, մենք դեռ շատ մեծ վերքեր ունենք, որոնք կբուժվեն միայն, եթե բոլորս համախմբվենք` ի շահ մեր երկրի բարօրության և կայուն ապագայի: Մենք դեռ ունենալու ենք խաղաղ երկինքներ, եթե հենց այս պահին բաց թողնենք բոլոր բացասական լիցքերը, որոնցով հիմա շրջապատված ենք: Բոլորս պիտի համախմբվենք և միասին բուժենք մեր վերքերը»: