Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Առայժմ աշխատավարձերի դինամիկայի գծով Հայաստանը շարունակում է պահպանել որոշ մրցակային առավելություններ այն երկրների նկատմամբ, որոնք արտադրում են համանման ապրանքներ, ինչ Հայաստանի ընկերություններն են արտադրում, սակայն վճարում են ավելի բարձր աշխատավարձեր։ Այդպիսիք են, օրինակ, ԱՊՀ երկրներից Ռուսաստանը (միջին աշխատավարձը՝ $800), Ղազախստանը ($600)։
Սակայն դա ժամանակավոր առավելություն է, ու այդ գործոնի վրա հույս դնել չի կարելի։ Ընդհակառակը՝ ցածր աշխատավարձը տնտեսական արտագաղթի հզոր գործոն է։ Այսօր փաստն այն է, որ թեև ՀՆԱ-ի ծավալով Հայաստանը գերազանցել է 1990թ. ցուցանիշը, աշխատավարձերի իրական մակարդակի գծով, սակայն, դա չի հաջողվել:
Խնդիրն այն է, որ նախ՝ աշխատանքի արտադրողունակությունն առայժմ չափազանց ցածր է, և երկրորդ՝ Հայաստանում բավական բարձր է թաքնված գործազրկության մակարդակը: Այդ երկու գործոնները խոչընդոտում են աշխատավարձերի համարժեք աճին։
Մյուս կողմից՝ Հայաստանում աշխատանքի արտադրողականության և աշխատավարձերի աճերի միջև մեծ խզում կա՝ աշխատավարձերն ավելի արագ են աճում, քան արտադրողականությունը։ Այդ խզումը, իրականում, շատ ավելի մեծ է, եթե հաշվի առնենք ստվերային զբաղվածությունն ու ստվերում վճարվող աշխատավարձերը։
Որոշ փորձագիտական գնահատումներով՝ Հայաստանի տնտեսության մասնավոր հատվածում վճարվող աշխատավարձերի 25-45%-ը վճարվում է ստվերում կամ այսպես կոչված «ծրարի մեջ»։ Որքան էլ տարօրինակ հնչի, հայաստանյան աշխատաշուկայի ձևավորման ու ուղղորդման կայուն գործոններից մեկը կոռուպցիան է՝ կաշառատվության, հովանավորչության, կլանային-ընտանեկան կապերի թելադրանքի ու մի շարք այլ դրսևորումների տեսքով։ Այս տեսակետից՝ գործատուների համար երբեմն կոռուպցիայի հնարավորությունը որակյալ աշխատողներ ներգրավելու արդյունավետ շարժառիթ է։ Ու այս հանգամանքին հաճախ նպաստում է լեգալ վճարվող ցածր աշխատավարձը, իսկ դրանից հավելյալ վաստակը կոռուպցիայի հետևանք է։
Գաղտնիք չէ, որ ստվերում վարձված մարդկանց ստեղծած արդյունքը պաշտոնապես չի հաշվառվում, հետևաբար դրա վերաբերմամբ հաշվարկվելիք պաշտոնական հարկերն էլ շրջանցում են պետական գանձարանը։ Մյուս կողմից՝ մարդկանց այս խումբը պարզապես գործատուի կամայականությունների նկատմամբ բացարձակապես անպաշտպան է։ Խնդիրը հատկապես վերաբերում է աշխատանքային պայմաններին։ Աշխատանքային օրվա տևողությունը այդպիսի աշխատատեղերում կարող է հաճախ մինչև 10-12 ժամի հասնել. մարդկանց նման աշխատատեղերում հաճախ աշխատեցնում են տոն և հանգստյան օրերին ու վճարում նույն աշխատավարձը, ինչ սովորական աշխատանքային օրերին։