Փոխարժեքներ
15 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.78 |
EUR | ⚊ | € 408.04 |
RUB | ⚊ | ₽ 3.874 |
GBP | ⚊ | £ 484.73 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
Հարցազրույց «Նորավանք» քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, արաբագետ Արաքս ՓԱՇԱՅԱՆԻ հետ:
- Արդյոք Սիրիայում ընթացող գործողությունները կարելի՞ է քաղաքացիական պատերազմ որակել կամ համազգային ընդվզում, եւ ինչը՞ դարձավ այս բախումների պատճառ (ովքե՞ր են հիմնականում ներգրավված այս շարժումներում):
- Սիրիայում տեղի ունեցող գործընթացները կարելի է որակել որպես հակակառավարական հուզումներ, որոնք ի հայտ եկան արաբական աշխարհում սկիզբ առած հեղափոխական գործընթացների ազդեցությամբ, դոմինոյի էֆեկտով: Տասնամյակներ շարունակ Սիրիայում կուտակվել էին համակարգային բազմաթիվ խնդիրներ` սոցիալ-քաղաքական, տնտեսական եւ հոգեբանական ոլորտներում: Այս գործընթացներն ի ցույց են դնում վարչակարգի ճգնաժամը, որը թեեւ փորձում է գնալ բարեփոխումների ճանապարհով, սակայն չի հաջողում: Երկրում ի հայտ է եկել վստահության ճգնաժամ, որը հաղթահարելու համար իշխանություններից մեծ ջանքեր են պահանջվելու: Ճիշտ է, իշխող վարչակարգը զգալի ռեսուրսներ ունի ի դեմս բանակի եւ հատուկ ծառայությունների, սակայն երկխոսությունը, ըստ ամենայնի, միայն քաղաքական դաշտում վարելը շահեկան կլինի:
Ինչ վերաբերում է սոցիալական բազային, պետք է նշել, որ հակակառավարական շարժումներում ներգրավված են տարբեր խավերի ներկայացուցիչներ: Առանձին տեսակետների համաձայն, Սիրիայում առկա անկայունության մեջ պակաս դեր չունեն նաեւ ընդդիմադիր որոշ շրջանակներ, որոնք, ըստ սիրիական պաշտոնական տեսակետների, զենք են ստանում հարեւան արաբական երկրներից` Իրաքից, Սաուդյան Արաբիայից, Լիբանանից: Միեւնույն ժամանակ պետք է նշել, որ Սիրիան անկախության ձեռքբերումից ի վեր բազմաթիվ ճգնաժամեր է հաղթահարել:
Սիրիան մի երկիր է, որ հիմնված է էթնիկ եւ դավանական հանդուրժողականության վրա: Իսկ անկայունությունը առաջին հերթին կխարխլի հենց այդ ձեռքբերումը: Հույս կա, որ իշխանություններին ամեն դեպքում կհաջողվի պահպանել երկրի կայունությունը: Եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ Սիրիան որոշակիորեն հանգուցային երկիր է մերձավորարեւելյան տարածաշրջանում` որպես անվտանգության երաշխավորներից մեկը, ապա կայունությունն էլ ավելի կարեւոր է թվում:
- Արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, թե Սիրիայից արտագաղթ է սկսվել եւ հատկապես` Թուրքիա:
- Այս պահին նման համատարած արտագաղթ չկա: Կարծում եմ, որ հնարավոր անկայունության դեպքում Սիրիայից արտագաղթ կսկսվի ոչ միայն դեպի Թուրքիա, այլ նաեւ Լիբանան եւ այլ երկրներ: Սակայն նման սցենարի մասին դեռ վաղ է խոսել:
-Հնարավո՞ր է, որ այս ամենը կազմակերպվել է այլ պետությունների կողմից եւ կոնկրետ նպատակներով:
- Միանշանակ ասել դժվար է: Այն, որ Սիրիայում կար պարարտ հող նման ընդվզումների համար, միանշանակ է, իսկ առկա անկայունությունը կարող է օգտագործվել արտաքին ուժերի կողմից: Միեւնույն ժամանակ, Սիրիային թուլացնելու հարցում շահագրգռված են մի շարք ուժային կենտրոններ ոչ միայն մերձավորարեւելյան տարածաշրջանում, այլեւ` Արեւմուտքում:
- Ի՞նչ դիրքորոշում ունի այս իրադարձությունների նկատմամբ Սիրիայի հայ համայնքը: Եվ ընդհանրապես, այս իրադարձությունները կարո՞ղ են վատ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա:
- Սիրիահայ համայնքը Սփյուռքի ամենակազմակերպված, նաեւ` ավանդական համայնքներից մեկն է: Սիրիայի հայ համայնքը հստակ դիրքորոշում ունի՝ ի պաշտպանություն Բաշար ալ Ասադի վարչակարգի: Հայ համայնքը միայն գործող վարչակարգի մեջ է տեսնում իր ապահովության երաշխիքը: ալ Ասադների վարչակարգի օրոք հայերը Սիրիայում ազգային գործունեություն իրականացնելու լայն հնարավորություն են ունեցել եւ ունեն: Հայաստանի համար Սիրիան կարեւոր երկիր է ոչ միայն որպես բարեկամ պետություն, այլ նաեւ այդ երկրում առկա հայ համայնքի առումով: Հայ համայնքն էապես նպաստել է հայ-սիրիական հարաբերությունների զարգացմանը: Այնպես որ, Հայաստանը նույնպես շահագրգռված է Սիրիայում կայունության եւ խաղաղության պահպանմամբ:
Զրուցեց Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆԸ