Փոխարժեքներ
14 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.22 |
EUR | ⚊ | € 405.08 |
RUB | ⚊ | ₽ 3.878 |
GBP | ⚊ | £ 481.99 |
GEL | ⚊ | ₾ 140.37 |
«Երկիր»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
- Գյուղատնտեսության ոլորտի ապահովագրության անհրաժեշտության մասին շատ է խոսվում: Որքանո՞վ է այն կարեւոր այսօր, եւ, ըստ Ձեզ, հնարավո՞ր է Հայաստանի անկանխատեսելի բնակլիմայական պայմաններում գյուղոլորտն ապահովագրել:
- Ցանկացած ոլորտում ապահովագրությունը կարեւոր եւ անհրաժեշտ պայման է, որպեսզի ոլորտային զարգացում տեղի ունենա, եւ ոլորտը կանխատեսելի լինի: Սակայն յուրաքանչյուր ապահովագրություն նաեւ պահանջում է ռիսկերի կառավարման համակարգ: Մեզ մոտ, ցավոք, ձեւավորված չէ այդ համակարգը, իսկ վարվող քաղաքականությունը փաստում է, որ նման համակարգ ձեւավորելու մտադրություն անգամ չկա: Եվ այժմ խոսել գյուղոլորտում ապահովագրության մասին` կա՛մ պոպուլիզմ է, կա՛մ` հերթական շոու:
Ունենք չափազանց բարձր ռիսկային գյուղատնտեսություն, հատկապես` բնակլիմայական պայմաններով, հողի որակական հատկանիշներով պայմանավորված: Քանի դեռ գյուղոլորտում չկա միասնական պետական քաղաքականություն, անիմաստ է խոսել կանխատեսելի արդյունքների մասին: Սովորաբար այդպիսի արդյունքների մասին խոսելիս պետք է վերցնել հոռետեսական սցենարը: Եթե հակակարկտային կայան կամ թունաքիմիկատների ու հողի որակական հատկնիշների բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագիր չկա, անիմաստ է մտածել, որ ապահովագրությունը կգործի:
- Ապահովագրությունից առաջ գյուղացին պետք է արտադրանքն իրացնելու հոգսից ազատված լինի: Այդպես չե՞ք կարծում:
- Իհարկե, գյուղատնտեսության ապրանքների արտադրության եւ իրացման համակարգի չգոյությունն այսօր ամենակարեւոր խնդիրներից է: Մարդիկ մշակում են հողը բերք ստանալու նպատակով, բայց դրա իրացման համակարգի բացակայությունը նրանց մղում է անորոշության դաշտ: Պտղի այգիների սեփականատերը, օրինակ, չգիտի, թե ինքը տարվա ընթացքում ինչ գներով կարող է իր մթերքն իրացնել: Անգամ եթե բնակլիմայական պայմանները գերազանց են, միեւնույն է` մթերման դժվարությունները նրան թույլ չեն տալիս հողը մշակել ամբողջությամբ: Այս ռիսկը եւս պետք է կարգավորել մինչ ապահովագրությունը:
- Երբ կան այս բոլոր խնդիրները, արդյո՞ք որեւէ վարկային կազմակերպություն գյուղ կմտնի:
- Այսօր ոչ միայն որեւէ ապահովագրական ընկերություն ոտք չի դնի գյուղ, այլեւ դնելու դեպքում էլ այնպիսի վճարներ կսահմանի, որ գյուղացին անմիջապես կհրաժարվի մասնակցել: Որովհետեւ ռիսկերը չափազանց բարձր են, եւ չկա դրա կանխարգելման հստակ ձեւաչափ: Հնարավոր է՝ ընդամենը գյուղատնտեսության առանձին ճյուղերում գործեն մասնավոր դեպքեր:
- Ձեր նշած խնդիրների կարգավորված չլինելու պատճառով ապահովագրման գործընթացը շատ չի՞ հետաձգվի:
- Դա կարելի է անել փուլային եղանակով: Սկսել թեկուզ ամենացածր ռիսկային ոլորտներից. նկատի ունեմ այնպիսի մշակաբույսերի առկայությունը, որտեղ բնակլիմայական պայմանների ազդեցությունը եւ ռիսկը մեծ չէ, միեւնույն ժամանակ շուկայում մշտապես կա պահանջարկ: Թեկուզ այս ոլորտում ներդնելով ապահովագրական համակարգ` աստիճանաբար փուլային ձեւով անցում կատարել մյուսներին: Բայց այստեղ էլ նշեմ, որ առանձին ոլորտներում այդպիսի մասնակի համակարգերի ներդրումը ամբողջական էֆեկտ չի տա: Չի կարող մեկ քայլով ապահովագրական համակարգ ձեւավորվել:
Սա ոչ միայն իրատեսական չէ, այլեւ կբերի ոլորտի վերջնական կործանման: Կարեւոր ուղղություն է հողերի որակական հատկանիշների բարձրացումը: Ունենք հսկայական հողատարածքներ, որոնք դուրս են ցանքաշրջանառությունից: Բացի այդ, ով ինչ թունաքիմիկատ ուզում` օգտագործում է` առանց հաշվի առնելու հողի որակական հատկանիշները: Աղակալված հողերի՝ դեպի գյուղատնտեսական նշանակության դաշտ բերելը նույնպես չի իրականացվում: Մի խոսքով, գյուղատնտեսության ոլորտում այնքան շատ են խնդիրները, որ այսօր խոսել ապահովագրման մասին` առանց կանխարգելիչ քայլերն իրականացնելու, անիմաստ է:
- Այսինքն՝ Դուք ապահովագրման համակարգին դեմ չեք, այլ դեմ եք մոտեցումներին:
- Պարտադիր ապահովագրության առումով, ընդհանրապես, մեր հայեցակարգը տարբեր է, եւ խոսքը միայն գյուղոլորտի մասին չէ: Մի պետություն, որը չունի առողջապահության, կենսաթոշակային, գործազրկության, մայրության, երեխաների պաշտապանության ոլորտներում արժանապատիվ փոխհատուցման համակարգ, խոսել պարտադիր ապահովագրության այլ դրսեւորումների մասին, համարում եմ հանցագործություն սեփական ժողովրդի հանդեպ, ինչպիսին, օրինակ, նույն ԱՊՊԱ-ն է: Այն մեր պամաններում չպետք է կրեր պարտադիր բնույթ` առանց այդ հիմնական ռիսկերի ապահովվածության կամ կանխարգելիչ գործոնների իրականացման:
Ես խիստ կասկածում եմ, որ այս համակարգը այս տարվա վերջին չի բերելու ապահովագրավճարների շեշտակի բարձրացման: Նույնը կարելի է ասել մյուս ոլորտների առնչությամբ: Հարկավոր է միասնական հայեցակարգ մշակել, ըստ որի` ապահովագրությունը կլինի բացառապես պետական հսկողության ֆոնդի միջոցով: Երկրորդ, պարտադիր ապահովագրությունը կարող է լինել այն ժամանակ, երբ երաշխավորված կամ ապահովագրված կլինեն սոցիալական բոլոր ռիսկերը: Սա այն տարբերակն է, որը հնարավոր կդարձնի արդյունավետորեն ապահովել երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը:
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ