կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-26 12:04
Քաղաքական

Հանձնարարականները իրագործվում են մասամբ, բարեփոխումները մնում են թղթի վրա. վարչապետ

Հանձնարարականները իրագործվում են մասամբ, բարեփոխումները մնում են թղթի վրա. վարչապետ

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր հանձնարարականների շրջանակում անդրադարձավ գործարար միջավայրի բարելավմանը:

«Օրենսդրական գործնական միջոցառումներից մի քանիսն իրագործվել են, սակայն հասարակության որոշակի հատված դրանց մասին տեղեկացված չէ, որոշ գործարարների դրանք պատշաճ ներկայացված չեն: Գրանցվել են սպասարկման որակի խնդիրներ և այլն: Պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ բարեփոխումների ոչ միայն ծրագրումը, այլև դրանց հետևողական իրականացումը, նոր հնարավորությունների մասին գործարարներին պարբերաբար ծանուցումը, սիստեմատիկ հետադարձի կապի ապահովումը, նոր տեխնոլոգիաների կիրառմանը խստորեն հետևելը բերում ոն լիարժեք փոփոխության: Այսինքն` անհրաժեշտ և ուղղակի պարտադիր է մշակված քաղաքականության մշտական, հետևողական մոնիտորինգը»,- ասաց նա:

Վարչապետն ընդգծեց, որ անհրաժեշտ է, որ մեր քաղաքացին լիարժեք օգտվի արդեն իսկ ընձեռված բոլոր հնարավորություններից, հարկերի վրա ավելի քիչ ժամանակ ծախսի, տեղեկանքների համար չհասնի պատկան գրասենյակներ և այլ:

Նա տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց, համագործակցելով ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն հետ, երկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություններ՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված` ՀՀ կառավարության թե՛ կարճաժամկետ, թե' երկարաժամկետ միջոցառումների փաստացի, ոչ թե փաստաթղթային իրագործման, գործարար աշխարհում դրանց տարանցման օբյեկտիվ ցուցիչների կազմման և մոնիտորինգի համակարգի գործարկման վերաբերյալ:

«Ես խնդրել եմ պարոն Գաբրիելյանին` մոտ օրերս անցկացնի խորհրդակցություն, քանի որ մտավախություն ունենք, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա, հանձնարարականները տեղերում իրագործվում են մասամբ կամ ոչ լիարժեք։ Կամ` յուրաքանչյուրը մեկնաբանում է իր պատկերացրածով՝ դա ոնց պետք է կատարվի»,- ասաց Կարապետյանը: