Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Արցախում նշում են ժուռնալիստների օրը: Հանրապետության ժուռնալիստների միության նախաձեռնությամբ` մի քանի միջոցառումներ կանցկացվեն Ստեփանակերտում՝ գրքի շնորհանդես, կլոր սեղաններ, քննարկումներ:
Ժուռնալիստների օրվա նախաշեմին «Երկիր»-ի թղթակիցը հարցում է անցկացրել արցախյան լրատվամիջոցների, նաեւ հայաստանյան ու արտասահմանյան լրատվամիջոցների` Արցախում հավատարմագրված լրագրողների շրջանում` որոշելու, թե ԼՂՀ պաշտոնյաները որքանով են հասանելի տեղեկատվություն տրամադրելու առումով: Հարցմանը մասնակցել է 15 լրատվամիջոցի 41 լրագրող:
Հարցման մասնակիցներին առաջադրվել է 3 հարց՝
ա) Ո՞վ է ԼՂՀ` լրագրողների համար ամենահասանելի պաշտոնյան:
բ) Ո՞վ է ԼՂՀ` լրագրողների համար ամենաանհասանելի պաշտոնյան:
գ) Ո՞վ է ամենաակտիվ ու ամենահրապարակային պաշտոնյան։
Յուրաքանչյուր «անվանակարգում» մասնակիցները կարող էին նշել 3-ական թեկնածու:
Հարցման արդյունքներով՝ ամենահասանելի պաշտոնյա է ճանաչվել ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ով մինչեւ այդ պաշտոնին նշանակվելը Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվականի Արցախի թղթակիցն էր, իսկ ավելի վաղ աշխատում էր Արցախի հանրային հեռուստատեսությունում:
Այդ ցուցակում երկրորդը մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանն է, իսկ հաջորդ երկու տեղերը հավասար միավորներով զբաղեցնում են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը եւ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը: Մեկ լրագրողի կարծիքով՝ բոլոր պաշտոնյաներն են խուսափում են շփվել լրագրողների հետ:
Լրագրողների կարծիքով` տեղեկատվություն տրամադրելու առումով «փակ» է սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, երկրորդ տեղում արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանն է, իսկ երրորդում եւ չորրորդում՝ ոստիկանության պետ Ռոբերտ Շաֆերյանը եւ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը: Մեկ լրագրողի կարծիքով՝ ամենափակը ոստիկանության համակարգն է, երկուսի կարծիքով՝ բոլոր պաշտոնյաները:
Ամենաակտիվ ու ամենահրապարակային պաշտոնյան, ըստ հարցման արդյունքների, վարչապետ Արա Հարությունյանն է: Առաջատար եռյակի երկրորդ տեղում նախագահ Բակո Սահակյանն է, իսկ երրորդ տեղում՝ հավասար միավորներով Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը եւ Վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը:
Յոթ լրագրողի կարծիքով՝ ակտիվ եւ հրապարակային պաշտոնյա չկա, իսկ մի քանիսը պարզապես անուն չեն նշել կամ դժվարացել են պատասխանել։
Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ նման հարցում անցկացվել էր Ստեփանակերտի մամուլի ակումբի եւ Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ: Այդ հարցման արդյունքներով՝ լրագրողների համար ամենահասանելի պաշտոնյա էր ճանաչվել այն ժամանակվա արտաքին գործերի փոխնախարար Մասիս Մայիլյանը, իսկ ամենաանհասանելին՝ վարչապետ Անուշավան Դանիելյանը: