կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-07 22:07
Առանց Կատեգորիա

ԿԱՊԻՏԱԼ. Դոնորները չեն շտապում գալ Հայաստան

ԿԱՊԻՏԱԼ. Դոնորները չեն շտապում գալ Հայաստան

Հայաստանում կառուցվելիք նոր միջուկային էներգաբլոկի նախագծի կյանքի կոչելու գործընթացը ձգձգվում է։ Ապրիլի վերջին էներգաբլոկի կառուցման նպատակով կազմակերպվելիք դոնորների համաժողովը ոչ միայն չի կայացել, այլև հետաձգվել է անորոշ ժամանակով՝ ճապոնական երկրաշարժի պատճառով։ Հայաստանում ապրիլի վերջին պետք է կայանար նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանը նվիրված միջազգային համաժողով, որի հիմնական նպատակն էր՝ շահագրգռել միջազգային ընկերություններին ներդրումներ կատարել հայկական նոր ատոմակայանում։

Բայց դա հայկական կողմին չի հաջողվել, քանի որ Ճապոնիայում մարտի 11-ի երկրաշարժի և ցունամիի արդյունքում «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի էր ունեցել վթար, և դրանց հետևանքները խառնել են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ծրագրերը։ Թեև պաշտոնական Երևանն արդեն հայտարարել է, որ չի հրաժարվում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումից, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ասել է, որ միջուկային էներգաբլոկի կառուցման նախագիծը կիրականացվի՝ հաշվի առնելով ճապոնական ողբերգությունը, միջազգային կառույցները միանշանակ դիրքորոշում չունեն աշխարհում իրականացվող միջուկային ծրագրերի վերաբերյալ։

Երեկ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ասացին, որ ապրիլի 27-28-ը Երևանում կայանալիք «Նոր միջուկային էներգաբլոկ. ներդրումային հնարավորություններ» թեմայով միջազգային կոնֆերանսին հրավեր ուղարկած մի շարք ընկերությունների խնդրանքով կոնֆերանսի ժամկետը հետաձգվել է։

Ըստ նախարարության ներկայացուցչի՝ ժամկետների հետաձգումը հնարավորություն կտա միջազգային կազմակերպությունների հետ համատեղ մանրամասն ուսումնասիրել Ճապոնիայի երկրաշարժի հետևանքները, ընդ որում՝ հաշվի են առնվել անվտանգության բոլոր միջոցառումները։ Միջազգային դոնորների նման դիրքորոշումն ուշագրավ է, եթե հաշվի առնենք էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի այն հայտարարությունները, որոնց համաձայն՝ նոր միջուկային էներգաբլոկով հետաքրքրված են մեկ տասնյակ ներդրողներ՝ եվրոպական և ռուսական ընկերություններ, և էներգաբլոկի կառուցման յուրաքանչյուր փուլ ավարտելուց հետո ներդրողների թիվն ավելանալու է։

Նշենք, որ ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման մեջ հետաքրքրություն հայտնած միակ ընկերությունը դեռև ռուսական «Ռոսատոմն» է, որի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է ֆինանսավորել շինաշխատանքների ավելի քան 20%-ը, հատուկ շինաշխատանքների համար ստեղծված հայ-ռուսական «Մեծամորէներգոատոմը» պետք է ապահովի ներդրումների առնվազն 40%-ը, իսկ մնացած 60%-ը նախատեսվում է ներգրավել այլ ներդրողներից։ Հայաստանը Մեծամորի ատոմակայանի հարթակում նախատեսում է կառուցել նոր էներգաբլոկ, որի հզորությունը պետք է լինի 1060 ՄՎտ` 60 տարի շահագործման ժամկետով։

Նոր ատոմակայանը պետք է շահագործման հանձնվի մինչև 2016թ. (Մեծամորի ատոմակայանի շահագործման վերջնաժամկետը)։ Միջուկային էներգաբլոկը կառուցվելու է ռուսական ջրա-ջրային էներգետիկ ռեակտորային` ԱԷԿ-92 նախագծի տեղակայանքով, և նախնական գնահատականներով անհրաժեշտ է շուրջ $5 մլրդ-ի ներդրում: Եթե հաշվի առնենք, որ նոր միջուկային էներգաբլոկի շինարարության համար անհրաժեշտ է 5-7 տարի, ապա ստացվում է, որ մինչև Մեծամորի ատոմակայանի փակելը նոր միջուկային էներգաբլոկը դժվար թե կառուցված լինի, քանի որ մինչև հիմա այդպես էլ հայտնի չեն դրա շինարարության համար ներդրումային աղբյուրները։