կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-12 15:27
Քաղաքական

Շտաբների պետերն արդեն հայտնի են, ցուցակների հարցում` չեն շտապում

Շտաբների պետերն արդեն հայտնի են, ցուցակների հարցում` չեն շտապում

Մայիսին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հստակ հայտարարել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀԿ մամլո խոսնակ, ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ համամասնական ցուցակն, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի եւ ԿԸՀ կներկայացվի հաջորդ շաբաթ: Այս շաբաթվա` արդեն ավանդական դարձած հինգշաբթի օրվա ՀՀԿ նիստը կկայանա ուրբաթ կամ շաբաթ, երբ ՀՀ նախագահը վերադարձած կլինի արտերկրից, եւ հենց նիստի ժամանակ էլ վերջնական տեսքի կբերվի ցուցակը:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ, ով ավագանու ընտրություններում կուսակցության քարոզչության մասով պատասխանատուն է, մեր թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ ցուցակը գրեթե կազմված է, մնացել են տեխնիկական հարցերը եւ, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին այն կհրապարակվի: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ընտրություններում ԲՀԿ շտաբը ղեկավարելու է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, ով, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ցուցակում երրորդ համարն է:

 

ՕԵԿ մամուլի քարտուղար Արթուր Իսակյանը մեր թղթակցի հետ զրույցում եւս նշեց, որ առաջիկա օրերին ՕԵԿ ցուցակն, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի: Նա նշեց, որ ցուցակում կլինեն մարդիկ, ովքեր  «իրենց տարածքներում հարգանք եւ հեղինակություն են վայելում, նաեւ պրոֆեսիոնալ են»: ՕԵԿ շտաբի պետը լինելու է ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը:

 

Ավագանու ընտրություններում վերջնական որոշում դեռ չեն կայացրել ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը»: Նշենք, որ այս պահին երկու կուսակցություններում էլ տրամադրությունն այնպիսին է, որ առանձին-առանձին մասնակցեն ընտրություններին: