Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահման քաջաց զէնն իւրեանց: Քաջերի սահմանը իրենց զենքն է:
Մովսես Խորենացի
Պատմության զոհի բարդույթի հաղթահարումից հետո Արցախյան հաղթանակների հոգեբանական երկրորդ մեծ նվաճումը դարձավ ԼՂՀ և Հայաստանի սահամանամերձ շրջաններում վերջին տան վախի զգացումը առաջին տան վճռականությամբ փոխարինելը: Երբ հայացք ենք նետում մեր պատմությանը, տեսնում ենք մի օրինաչափություն, որ մենք ապրել ենք վերջին տան վախի, իսկ մեր հայրենիքը յուրացնողները առաջին տանը լինելու հոգեբանությամբ: Սահմանակից, դեմ դիմաց գտնվող երկու տներից հայկականում այն մտավախությունն է եղել, որ առաջին հարվածը, թալանը ու սրածությունը առաջին այդ տունն է կրելու, որի համար թողել են այն և մի այլ տեղ ապաստանել:
Նման ձևով ապա ընկել է հաջորդ տունը, հետո թաղը, այնուհետև ողջ շենը և այսպես շարունակ: Մեր հայրենիքը յուրացնողները սակայն ապրել են առաջին տան հոգեբանությամբ, թե առաջինը իրենք են առաջ գնալու և տեր դառնալու իրենց դիմաց գտնվող վերջին տանը: Վերջին տան այս հոգեբանությունը ողբերգականորեն արտահայտվեց նաև շարժման սկզբում, երբ սահամանամերձ գյուղերի եզրային տների յուրաքանչյուր բնակչի թվում էր, թե առաջինն իր տունն են մտնելու: Ճակատագրի բերումով արցախյան պատերազմի տարիների օրերի մի զգալի մասը անցկացնելով Արցախում, ինքս վերապրել եմ վերջին տան սարսափի հասնող վախը ու պատերազմական երկար ու ձիգ տարիների ընթացքում մնացյալի հետ կաթիլ առ կաթիլ քամել այդ վախը և ապա այն պարտադրել հակառակորդին:
Վերջին տան վախը այն վախն էր, որը իջնող երեկոյին վառվող ճրագի լույսի ստվերը զինված մարդու դաժան մի պատկեր էր գծագրում դիմացի պատին, և այդ «մարդու» ներս եկող ոտնաձայնն էր բերում քամու աղմուկը և դավադիր ձայնը` պատուհանի բացված փեղկը:Այդ վախն էր պարտադրում հագուստներով քնել, ձեռքը բնազդաբար պահելով սկզբում մետաղյա որևէ իրի վրա: 1990-91թթ. սաֆոնովյան բռնությունների և տեղահանությունների շրջանում առաջինը այդ վերջին տունը, թաղը և գյուղն էր հայաթափվում և տեղահանվածները բռնում էին նախավերջինից վերջինը դարձած հարևան գյուղի ճանապարհը:
Սկսված գաղթի ճանապարհին նրանք առաջին ջուրը այս վերջին տունը դարձած տան բակի աղբյուրից էին խմում և շարունակում իրենց դանդաղ քայլերը դեպի թիկունք, վերջին տան էստաֆետը կրելու փորձությունը հանձնելով արդեն այս տանը, որը երկար չէր կարողանում պահել այն և ինքն էլ իր հերթին բռնում էր «քոչի ճանապարհը»: Քոչի այս ճանապարհին սակայն վերջ տրվեց ԼՂՀ հռչակմամբ: Ազատությունը և անկախությունը դարձան մոգական այն հասկացությունները, որոնք վերջին տան հոգեբանությունը փոխելու էին առաջին տան պատասխանատվության:
Ամեն մի վերջին տուն ասես անտեսանելի թելերով ու նյարդերով կապված էր դիրքերի հետ: Այնտեղ կատարվող ամեն մի շարժում արձագանքվում էր այս վերջին տան պատերին, հատակին ու առաստաղին, արագանում կամ դանդաղանում էին այնտեղ ապրողների սրտի զարկերը: Պատերազմը վերջին տներով գծագրեց ճակատի առաջին գիծը, դիմացից եկողի հանդեպ վախը փոխարինելով թիկունքի ուժով: Ազատագրվող գյուղի համար մղվող կռիվների մարտական հաղորդագրություններում նախ հիշվում էր այդ բնակավայրի առաջին և ապա վերջին տունը:
Այդ ճանապարհին նախ երևում էր առաջին տունը և առաջ շարժվող զրահատեխնիկայի կամ հետևակի կապավորը հաղորդում էր, որ դիմացից արդեն երևում են այսինչ գյուղի առաջին տները և գործողության ավարտին ասվում էր, որ գյուղի վերջին տնից այն կողմ անցանք: Մեր պատմության կորուստների անիվի շրջված այս ընթացքը շրջեց նաև գյուղի առաջին ու վերջին տների, գյուղի սկզբի ու վերջի տեղերը: Երբեմնի այդ վերջին տները անճանաչելիորեն փոխվեցին առաջին տները դառնալով: Նրանցից շատերը մինչ այդ ավերվեցին հրետանային հարվածներից, այրվեցին ու թալանվեցին հակառակորդի ձեռքն ընկնելով և հետո նորոգվեցին: Պատերազմի ավարտից հետո վերստին բախտ եմ ունեցել լինելու նման վերջին տներից մի քանիսում, որոնք պատերազմի ընթացքում ունեցել էին թե՛ մարդկային անդառնալի կորուստներ և թե՛ նյութական մեծ վնասներ կրել: Լուռ խմել ենք նրանց կենացը, ովքեր իրենց կյանքը տվեցին այս տների վերստին հայկական շնչով լցվելու համար: Մի պահ վերապրել ենք Թարթառի կիրճով Հյուսիսային Արցախը թողնելու 1992թ. հունիսյան սև օրերը և բոլոր այն օրերը, երբ որպես միրաժ երևում էր այն օրը, երբ նորից իջնելու էինք այդ կիրճով, որը եկավ 1994 թ. ապրիլին: Նայել եմ շուրջս, մտովի հիշել այդ տների հին կահ կարասին, որոնց ջարդուփշուր եղած կամ կիսաայրված մնացորդների հետքերը դեռ նկատելի են այդ տների բակերում և հնի փոխարեն շատ քիչ բան է ավելացվել, փոխարենը սակայն տեղի է ունեցել անճանաչելի մի փոփոխություն:
Այդ տները իրապես դարձել են ավելի լուսավոր, անցել է վախից կծկված նստելը և պատուհանների բացված փեղկերից ներս հորդացող լեռնային բնակավայրերին բնորոշ ուժեղ քամիներից ճոճվող էլեկտրական լամպերի կամ ապակյա ճրագների պատրույգների կրակե լեզվակների թրթիռը այլևս պատերի վրա չի գծում արցախյան շարժման առաջին տարիների ջարդի զգացում առաջ բերող զարհուրելի ստվերները, որովհետև երբեմնի այս վերջին տների դիմաց գտնվող դիրքերը պահում է Արցախի Պաշտպանական բանակը, որի թիկունքն են դարձել այս տները:
ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ