կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-01 11:54
Արցախ

Արցախում աշխատող քննիչի հաջողության գրավականներից մեկը զինվորի հոգեբանությամբ օժտված լինելն է. ՀՀ ՔԿ նախագահ

Արցախում աշխատող քննիչի հաջողության գրավականներից մեկը զինվորի հոգեբանությամբ օժտված լինելն է. ՀՀ ՔԿ նախագահ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ այցի ընթացքում տեղի է ունեցել ընդլայնված նիստ՝ Արցախի Հանրապետության Ոստիկանապետի, ՊԲ հրամանատարի, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի, Ռազմական ոստիկանության պետի մասնակցությամբ:

Ամփոփվել են Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին, երկրորդ և երրորդ կայազորային քննչական բաժնի կատարած աշխատանքները:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հանդիպման ընթացքում ծանոթացել է կայազորային քննչական բաժինների կողմից նախորդ տարի կատարված աշխատանքներին: Հայկ Գրիգորյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել նախաքննության ժամկետների և որակի բարձրացման վերաբերյալ:

Նիստի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն Արցախի Հանրապետության գործընկերների հետ քննարկել է նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ մի շարք հարցերի վերաբերյալ հետագա քննարկումը կազմակերպելու և արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով:

Դիմելով Արցախի Հանրապետությունում իրենց ծառայությունն անցկացնող քննիչներին՝ ՔԿ նախագահը շեշտել է, որ նրանց խնդիրներն իր անմիջական ուշադրության կենտրոնում են. «Առաջինը փորձում ենք ձեր խնդիրներին լուծում տալ: Արցախում քննիչի ծառայությունը բարդ, բայց շատ պատվաբեր աշխատանք է: Ձեր աշխատանքային առանձնահատկություններով է պայմանավորված, որ և՛ դրամական, և՛ այլ խրախուսումների ժամանակ առաջին տեղում եք: Իհարկե սա չի նշանակում, որ այդ պատճառների ստվերում պետք է թերանալ և բավարարվել ձեռք բերածով»,- նշել է ՔԿ նախագահը:

Հայկ Գրիգորյանն ընդգծել է, որ Արցախում աշխատող քննիչի հաջողության գրավականներից մեկը զինվորի հոգեբանությամբ օժտված լինելն է .«Ձեր աշխատանքի բարդությունն ու ծավալները հասկանալով՝ բարձր եմ գնահատում յուրաքանչյուրիդ ծառայությունը: Ծանր գործերի քննությունը ձեզ օգնելու է բոլորից լավ տիրապետել քրեական իրավունքին, կրիմինալիստիկային, ինչպես նաև օգնելու է հասկանալ զինվորի հոգաբանությունը, ի վերջո Արցախում աշխատող քննիչը պետք է օժտված լինի զինվորի հոգեբանական հատկանիշներով, հակառակ դեպքում նրա մոտ ոչինչ չի ստացվի»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կայազորային քննչական բաժինների շենքային պայմանների և նյութատեխնիկական խնդիրների կարգավորմանը վերաբերող հարցեր: ՔԿ ղեկավարությունը փորձելու է սեղմ ժամկետներում կարգավորել առկա խնդիրները:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը հանդիպման ավարտին հանդես եկավ ելույթով, որում դրական գնահատեց կայազորային քննչական բաժինների գործունեությունը: Նա հորդորեց կատարելագործել աշխատանքը և գրանցել նոր հաջողություններ:

Հանդիպման ավարտին կայազորային քննչական բաժինների մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով և Քննչական կոմիտեի նախագահի անվանական հուշանվերներով:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանի հետ: Կողմերը քննարկել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների միջև փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր: