կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-19 02:48
Հասարակություն

Փոխադարձ մեղադրանքները շարունակվում են

Փոխադարձ մեղադրանքները շարունակվում են

ՀՀ Սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանի խոսքերով` իրենց նախարարությունում ոչ մի կոռուպցիոն երեւույթ չկա, եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանի բարձրացրած աղմուկի պատճառն այն է, որ Հրանուշ Հակոբյանը թույլ չի տվել բյուջեով նախատեսված գումարներն անարդյունավետ ծախսել:

Նաեւ Սփյուռքի նախարարությունը հարկ չի համարել պատասխանել Թամարա Պողոսյանի անհիմն մեղադրանքներին:

«Եթե նա հայտարարեր, որ լուսնի վրայից բենզինի հոտ է գալիս, մենք պետք է այդ աբսուրդ միտքը մեկնաբանեի՞նք»,- հարցրեց փոխնախարարն ու ավելացրեց, որ Թամարա Պողոսյանի` «անմեղ գառնուկի» կերպարանքով արված մեղադրանքները կեղծ են ու շինծու: «Այդ մեղադրանքները փչած փուչիկներ են, որոնք դատարկ են ու մտացածին, և դրանց նպատակը շանտաժն է ու զրպարտությունը»,- ասաց Ս. Պետրոսյանը:

Նա, որպես ասվածի ապացույց, պատմեց, թե ինչպես է Թամարա Պետրոսյանը բեմական ծառայությունների համար 25 մլն դրամի պայմանագիր ստորագրել, իսկ իրենք նույն կազմակերպությանը վճարել են 18 մլն դրամ եւ իրենցից գոհ են եղել:

Սփյուռքի փոխնախարարի ասուլիսին մասնակցող`  «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանն էլ զարմացավ նման գումարներ լսելով: «Ինչպե՞ս կարելի է այդպիսի գումարներ ծախսել միկրոֆոններ վարձելու համար, կարող էին ընդամենը մի անգամ գնել»,- ասաց նա:

Սփյուռքի փոխնախարարը նաեւ այլ չարաշահումներ ներկայացրեց, օրինակ` նշեց, թե ինչպես է Թամարա Պողոսյանը փառատոնի շրջանակներում անցկացվող կատարողական օրերի համար իր համար դուրս էր գրել մոտ 2.8 մլն դրամի հավելավճար: «Այդպիսի հավելավճարներ հնարավոր չեն»,- ասաց նա` հիշեցնելով, որ հավելավճարներ էին նախատեսվում նաեւ Թ. Պողոսյանի բոլոր բարեկամների համար. «Հաշվապահը քույրն էր, բարեկամուհին կար, կնքահայրը կամ չգիտեմ ով... ընտանեկան կապալի մեխանիզմն է գործել»:

Այս փաստը զարմացրել էր նաեւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանին: «Մեզ համար զարմանալի էր աշխատակազմի կառուցվածքը, փաստորեն, նա հիմնադրամը ընտանեկան բիզնեսի է վերածել»,- ասաց նա:

Ա. Վարդանյանը նաեւ նշեց, որ Թամարա Պողոսյանն իրեն է վերագրել մի շարք պարտավորություններ, որոնք, ըստ էության, չեն մտնում գործադիր տնօրենի պարտականությունների մեջ:  «Նա աուդիտի ընտրություն է կատարել, աշխատավարձեր է նշանակել, կառուցվածք է հաստատել, ինչը գործադիր տնօրենի գործը չէ, դա հոգաբարձուների խորհրդի գործն է»,- նշեց նա: