կարևոր
3451 դիտում, 8 ամիս առաջ - 2024-01-23 10:54
Քաղաքական

Ադրբեջանի ԱԳՆ-ն անհիմն է համարում Բորելի մեղադրանքները Հայաստանի հետ կապված

Ադրբեջանի ԱԳՆ-ն անհիմն է համարում Բորելի մեղադրանքները Հայաստանի հետ կապված

Ադրբեջանի ԱԳՆ-ում կարծում են, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի սպառնալից հռետորաբանությունը երկակի ստանդարտների կիրառում է, որն էլ ավելի է սրում Ադրբեջանի և ԵՄ-ի հարաբերությունները: Բաքվում կարծում են, որ Ժոզեպ Բորելը Ադրբեջանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն է հրահրում։

Հիշեցնենք, որ Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստի ավարտից հետո՝ ասուլիսի ժամանակ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է վերադառնա հաստատուն խաղաղության և կարգավորման երկխոսության Հայաստանի հետ։ Նշել է, որ ԵՄ-ն մտահոգված է Հայաստանի տարածքում Ադրբեջանի հավակնություններով և կոչ է արել վերադառնալ հարաբերությունների կարգավորման բանակցություններին։ Բորելը հավելել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անթույլատրելի է լինելու, և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունների վրա։

Դրան ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն «հերքել է Բորելի կողմից անհիմն մեղադրանքները»։

«ԵՄ Բարձր ներկայացուցչի կողմից փաստերի աղաղակող խեղաթյուրումը Ադրբեջանի օրինական շահերի անտեսում է, իսկ նման սպառնալից հռետորաբանությունը երկակի ստանդարտների վառ օրինակ է, որոնք էլ ավելի են սրում Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները։ Բացի Ադրբեջանի և Հայաստանի տարածքներին վերաբերող պատմական փաստերի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայացքների լիակատար խեղաթյուրումից, Բարձր ներկայացուցիչը հրահրում է ռազմականացում և Ադրբեջանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն»,-ասվում է հայտարարության մեջ: