կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-10 02:07
Հասարակություն

Հայաստանի մասին` 63 էջ

Հայաստանի մասին` 63 էջ

ԱՄՆ պետական դեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցը:

Փաստաթղթում վերլուծվել է աշխարհի 190 երկրում մարդու իրավունքների վիճակը:

Հայաստանի մասով զեկույցը բաղկացած է 63 էջից: Արձանագրվում է, որ Հայաստանում սահմանափակված է քաղաքացիների՝ խաղաղ ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու իրավունքը, քանի որ ընտրություններն անցկացվում են կոպիտ խախտումներով: Նշվում է, որ, քաղաքացիական ղեկավարների ուղղորդությամբ, անվտանգության ուժերի որոշ ներկայացուցիչներ ոտնահարել են մարդու իրավունքները՝ մնալով անպատիժ, բացի այդ` անցյալ տարի Հայաստանի զինված ուժերում ռազմական գործողությունների բացակայության պայմաններում գրանցվել են մահվան դեպքեր:

Զեկույցը փաստում է, որ 2010-ին ՀՀ իշխանություններն ազատ են արձակել Մարտի 1-ի գործով ազատազրկված չորս անձանց, իսկ երկու մարդ ազատ է արձակվել ամբողջ պատիժը կրելուց հետո:

Նշվում է, որ լրատվամիջոցները, հատկապես՝ հեռուստատեսությունը, նախկինի պես չեն ապահովել կարծիքների բազմազանությունն ու օբյեկտիվ լրատվությունը: Եղել են հետապնդումներ լրատվամիջոցների նկատմամբ, ինչպես նաեւ շարունակվել է գրաքննությունը: Իշխանությունները շարունակել են մերժել ընդդիմադիր կուսակցությունների եւ այլ խմբերի՝ որոշակի վայրերում հավաքներ անցկացնելու պահանջները` երբեմն առաջարկելով այլ վայրեր:

Երկրում կոռուպցիան շարունակում է չլուծված խնդիր մնալ, իսկ իշխանությունները ջանքեր չեն գործադրում դրա դեմ պայքարելու ուղղությամբ:

Զեկույցում անդրադարձ կա ոստիկանների կողմից Վահան Խալաֆյանի սպանությանը, բանակում տեղի ունեցած սպանություններին եւ մահացու ելքերով միջադեպերին, «զանգվածային անկարգություններ» կազմակերպելու մեղադրանքով ձերբակալություններին, դավանանքի ազատությանը, աշխատանքային իրավունքներին, միասեռականների, բանտերի եւ ազատազրկման վայրերի խնդիրներին: