կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-02 22:17
Առանց Կատեգորիա

ԿԱՊԻՏԱԼ. Օֆշորներում ծվարած փողերը վերադառնում են

ԿԱՊԻՏԱԼ. Օֆշորներում ծվարած փողերը վերադառնում են

Հայաստանի տնտեսությունը թեև վերականգնվում է, օտարերկրյա ներդրողները չեն շտապում միջոցներ ուղղել տնտեսության իրական հատված։ Անցած տարի օտարերկրյա ներդրումների ծավալը ոչ միայն չի ձգտել հասնել նախաճգնաժամային մակարդակին, այլև շարունակում է նվազել։

Մյուս կողմից՝ քարտեզի վրա Հայաստանի տեղը գտել են Կայմանյան օֆշորային կղզիների ներդրողները, որոնք որոշել են այստեղ զբաղվել մանրածախ առևտրով։ Անցած տարի օտարերկրյա ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսության իրական հատվածում (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 702.7 մլն դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 24.9%-ով։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ ուղղակի ներդրումների ծավալը անցած տարի նվազել է 34%-ով՝ կազմելով 483 մլն դոլար։

Նման կրճատումը մտահոգիչ է, եթե հաշվի առնենք, որ ճգնաժամային՝ 2009թ. տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումների ծավալը նվազել էր 25,6%-ով, իսկ ուղղակի ներդրումների ծավալը կրճատվել էր 26.9%-ով: Պետք է նաև հաշվի առնել, որ Հայաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումները շատ թույլ են դիվերսիֆիկացված։ Ուղղակի ներդրումների հիմնական մասը՝ շուրջ 70%-ը, ուղղվում է ընդամենը երեք ոլորտ՝ հեռահաղորդակցություն (2010թ. ուղղակի ներդրումների 39,5%), էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում (21%-ը) և ցամաքային տրանսպորտի գործունեություն ու խողովակաշարերով փոխադրում (7,84%-ը)):

Նույնիսկ այս ոլորտներում հիմնական ներդրումներ կատարողները մի քանի ընկերություններ են, որոնցից մի մասը, հատկապես հեռահաղորդակցության ընկերությունները ներդրումներ են կատարում մրցակցությունից ելնելով, իսկ մյուս ընկերությունները, ելնելով բնական մենաշնորհային կարգավիճակից՝ պետության առջև ստանձնած պարտավորությունների ճնշման տակ։ Տնտեսության մյուս ճյուղերի՝ սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, Հայաստանում գերակա հռչակված ճյուղ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների ուղղակի ներդրումների ծավալը ներդրումների ընդհանուրի կառուցվածքում չի գերազանցում 1%-ը։

Այսպես՝ ծրագրային ապահովման մշակման, խորհրդատվությունների և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում անցած տարի կատարվել է ընդամենը 2,8 մլն դոլարի ուղղակի ներդրում։