կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-19 00:12
Քաղաքական

Ի պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլի

Ի պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլի

Հերթական հիասթափությունը չապրելու համար ժողովուրդը պետք է հրահանգ իջեցնի եւ իր ակնկալիքները ներկայացնի ընդդիմադիր կուսակցություններին` «Ժառանգությանը», ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, ԺԿ-ին եւ մյուսներին:

 

Ազատության հրապարկում լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց. «Եթե մենք պիտի ունենանք ոչ թե քաղաքական հերթական հաղթանակը, այլ մեզ լավ զգանք այս կամ այն մանր նվաճման համար, եւ Ազատության հրապարակի վերատիրացումը դառնալու է միայն համաժողովրդական տոնախմբություն, որից հետո գնում ենք, նշանակելու է հերթական հիասթափություն եւ կործանման խորացում»:

 

«Երկիր»-ի այն հարցին, թե ի՞նչ ենթատեքստ կարող է ունենալ այն, որ երեկվա հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդպես էլ չմոտեցավ իրեն եւ չողջունեց, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, թե չի ցանկանում գնահատական տալ որեւէ մեկի գործունեությանն ու անգործությանը, քանի որ ամեն մարդ ունի իր ներքին արժեքային համակարգը, մարդկային կերպարն ու քաղաքական դիրքորոշումը:

 

Սակայն, այնուամենայնիվ, Րաֆֆի Հովհաննիսյանը հստակեցրեց իր պատասխանը` ասելով. «Եթե մենք դերերով փոխված լինեինք, եթե ես լինեի հարթակում, մյուսը` հացադուլի մեջ, ես կարող եմ ասել, որ ով էլ լիներ հացադուլի մեջ գտնվողը` նախագահ, թե` շարքային քաղաքացի, իշխանական, թե` ընդդիմադիր գործիչ, ես կփորձեի առաջինը լինել, ով կայցելեր իրեն եւ կզորակցեր: Այս դեպքում կասեմ, որ նման ակնկալիքով լցված չէի»:

 

Րաֆֆի Հովհաննիսյանը հավելեց նաեւ` քանի որ ՀՀ առաջին նախագահը կրթված եւ լուսավորյալ մարդ է, ապա նրա այդ քայլը կարող է կապված լինել ոչ թե ներքին արժեհամակարգի, այլ քաղաքական դիրքորոշման հետ: Եվ այդ դիրքորոշումը չի կարող նպաստել ազգի միասնությանը: