կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-15 03:24
Առանց Կատեգորիա

Facebook-ում լիցքաթափվում են

Facebook-ում լիցքաթափվում են

Երկիրն այլեւս կլոր չէ, այն տափակ է դարձել շնորհիվ ինտերնետի: Այստեղ բոլոր ճանապարհներն ուղիղ են եւ կարճ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամերիկացի փորձագետ Թոմաս Ֆրիդմանի այս խոսքերը մեջբերեց ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը:

 

Facebook-ում ակտիվ լինելը խրախուսելի եւ դրական երեւույթ է, քանի որ այն միջազգային հարթակ է, որտեղ կարելի է խիստ կարեւոր հարցեր քննարկել եւ նույնիսկ լուծումներ տալ դրանց:

 

Բանախոսն օրինակ բերեց այն, որ ներկայումս Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ստորագրահավաք է կազմակերպված: Արդեն մի քանի տասնյակ հազար մարդ է միացել դրան, եւ մինչեւ ապրիլի 24-ը ստորագրողների թիվն ավելի է մեծանալու:

 

«Facebook-ի ձայների հավաքագրումը շատ կարեւոր բան է դեմոկրատական աշխարհում: Եթե մարդկանց մեծամասնությունը դա է պահանջում, ապա քաղաքական գործիչները պետք է հաշվի նստեն  դրա հետ: Եվ թուրք օգտվողները, որ ակտիվ են Facebook-ում, բնականաբար, դրա ազդեցությունը կզգան: Դա շատ կարեւոր է»,- ասաց Ա. Աթանեսյանը:

 

Ինտերնետային սոցիալական ցանցերը իշխանությունների համար կարող են լինել այն շուկան, որտեղ մի ժամանակ թագավորները դերվիշների շորեր հագած զրուցում էին մարդկանց հետ, լսում, թե մարդիկ ինչ են խոսում իրենց մասին. «Այսօր ինտերնետային սոցիալական ցանցերն ապահովում են այդ շուկայական բամբասանքները: Երբեմն դրանք ոչ միայն բամբասանք են, այլեւ պրոֆեսիոնալ մակարդակի քննարկումներ»:

 

Եվ եթե իշխանությանը հետաքրքրում է իր ժողովրդի կարծիքը, ապա ոչ միայն չպետք է փակի սոցցանցերը, այլեւ ազնվորեն խրախուսի օգտվել դրանցից: Քանի որ հենց սոցիալական ցանցերում էլ մոնիտորինգներ են արվում, տեղեկանում են, թե ինչ կապեր կան, ինչ տիպի խմբեր կան եւ այլն:

 

Եթե փակվեն կամ սահմանափակվեն սոցիալական ցանցերը եւ առհասարակ ինտերնետը, ապա դա հակառակ` ի վնաս իշխանությունների արդյունքը կունենա: Ըստ բանախոսի` հաճախ մարդիկ հենց այդ միջավայրում են բողոքում ու լիցքաթափվում եւ դրանից հետո այլեւս փողոց դուրս գալու, ջարդելու, փշրելու ցանկություն չեն ունենում. «Եթե ձայնը փակվի ինտերնետում, կբացվի հրապարակում»: