կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-12 03:52
Հասարակություն

Վիրավորված նախարարություն

Վիրավորված նախարարություն

Սփյուռքի նախարարությունը, ազդված մամուլում հնչած քննադատությունից,  որ վերաբերում էր հայ «հրաշամանուկ», ապագա Նոբելյան «մրցանակակիր», արդեն երկու գիտությունների «դոկտոր» և ապագա «տիեզերագնաց» պատանի Արթուր Պողոսյանին սփյուռքի նախարարի կողմից մարտի 3-ին կազմակերպած ընդունելությանը, հանդես է եկել հայտարարությամբ, որի ամբողջ իմաստն այն է, որ նախարարությունը չէր կարող և պարտավոր չէր նախապես իմանալ-հավաստիանալ, թե ում է ընդունում ընդունելություններից ամբողջ օրը աչք չբացող տիկին նախարարը: Փոխանակ ընդունելու քննադատությունը, փոխանակ անկեղծորեն հայցելու մարդկանց ներողամտությունը թյուրիմացության համար` նախարարությունը, նախահարձակ տոնով և հանիրավի վիրավորվածի կեցվածք ընդունած, փորձում է չքմեղանալ:


Դժվար է հավատալ, թե սփյուռքի նախարարությունը, որ համացանցային իր կայքն ունի և, բնականաբար, կայքավարը, բացարձակապես անտեղյակ էր նորահայտ «հրաշամանուկի» մասին համացանցում կատարված հարյուրավոր ծաղրական, քամահրական և հեգնալից գրառումներից ու մեկնաբանություններից, անտեղյակ այնքան, որ Արթուր Պողոսյանին ընդունում էր խանդաղատագին սիրով ու հպարտությամբ` երևի մի նոր Վիկտոր Համբարձումյան երևակայելով:


Հիմա կարճառոտ անդրադառնանք նախարարության պատասխանին:  «Բոլոր նրանց, ովքեր «ցնցում ապրեցին». ահա հայտարարության վերնագիրը, ինչն էլ բավական է նկատելու, թե որքան արժանապատիվ զսպվածություն ու խոհեմություն է պակասել մի ամբողջ նախարարության: Այդ խոհեմությունը կարող էր պակասել տիկին նախարարին, զի մարդ է` զգացմունքներին երբեմն գերի և տառապալից աշխատանքից հոգնատանջ, բայց այդ խոհեմությունը, կրկնում ենք, չպիտի պակասեր մի ամբողջ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ:


Որ նախարարությունը խոհեմ և համբերող չի եղել, պարզ երևում է հայտարարության տեքստի ոչ գրագետ շարադրանքից նույնպես: Լավ չէ, որ 2010 թվականը Մայրենի լեզվի տարի հայտարարած նախարարությունն ընդամենը 1 էջանոց տեքստ է հրապարակում` թույլ տալով այնպիսի սխալներ, որոնց համար դպրոցականն էլ կամաչեր: «Եթե չլիներ այս դեպքը, դժվար կլիներ հավատալ, թե որքան մարդ է կարդում ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքը»,- գրել են սփյուռականները` կամենալով ընդամենն ասել. «Եթե չլիներ այս դեպքը, դժվար կլիներ հավատալ, թե այսքան մարդ է կարդում…» կամ` «Եթե չլիներ այս դեպքը, դժվար կլիներ իմանալ, թե որքան մարդ է կարդում…» և մնացյալը:

 

Իսկ հաջորդ նախադասության մեջ սփյուռականներին հաջողվել է այնպես անել, որ ենթական զրկվի որևէ գործողություն կատարելու իր տարրական գործառույթից. «Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այդքան ուշադիր են, և բոլոր  նրանք, ովքեր ցնցում ապրեցին, խորհուրդ կտայինք այդքան ցավագին չտանել այն փաստը, որ ՀՀ սփյուռքի նախարարը չի ստուգել Արթուր Պողոսյանի փաստաթղթերը նրան ընդունելուց առաջ»: Սփյուռքի նախարարությունից որևէ մեկը եթե բացատրի, թե ընդգծված «նրանք» ենթական ի՜նչ է անում այս նախադասության մեջ, և ո՜րն է նրա ստորոգյալը, նրան կներենք «փաստը ցավագին չտանել» անհեթեթության և մեջբերված նախադասության ոճական ամբողջ շիլաշփոթի համար:


Հարգելի սփյուռականները լավ չգիտեն նույնիսկ սովորական բառերի իմաստը: «Անհամեստություն չի  լինի ասել, որ ռուսական էլեկտրոնային պարբերականները հեղեղված են նրա մասին հրապարակումներով»,- գրում են նրանք, և ընթերցողը պարզապես չի կարող չնկատել «անհամեստություն» բառի միանգամայն անտեղի գործածությունը, երբ պետք էր ընդամենը գրել` «Չափազանցություն չի լինի ասել...»:


Հայտարարության մեջ երկու անգամ նշվում է, թե սփյուռքի նախարարն ընդունելուց առաջ հո չէ՞ր ստուգելու Արթուր Պողոսյանի փաստաթղթերը: Ա. Պողոսյանի փաստաթղթերը` թերևս, բայց ահա այս հայտարարության տեքստը ստուգել, այն էլ մի քանի անգամ, նախարարը պարտավոր էր: Եթե, իհարկե, անձամբ ինքը չէ դրա հեղինակը: Իսկ այդպիսի կասկած, մեղքներս ինչ թաքցնենք, մենք ունենք:

 

Հ.Գ. Պաշտոնական արձագանքին անհարիր կիսագրագիտությունից բացի, ի՛նչ ինքնահավանությամբ է լեցուն հայտարարությունը, մասնավորապես նրա այն հատվածը, որտեղ սփյուռքի նախարարության աշխատանքը չգիտես ինչու համեմատվում է ուրիշ նախարարությունների աշխատանքի հետ. «…ի տարբերություն այլ նախարարությունների ՀՀ սփյուռքի նախարարն օրական ընդունում է շուրջ 10 սփյուռքահայի…»: Եթե նույնիսկ այդպես էլ է, ապա մի՞թե տեղին ու, առավել ևս, պատշաճ է գործընկերների «անգործության» ֆոնին ընդգծել սեփական տիտանական աշխատանքը:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ