Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին կուսակցություններն առաջադրելու են նաեւ հայերի թեկնածություններ, սակայն սա չի նշանակում, թե նրանց պատգամավոր ընտրվելու դեպքում որեւէ էական փոփոխություն կլինի հայ համայնքի կյանքում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով 2011 թվականի հունիսի 12-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին` թուրքագետ Լեւոն Հովսեփյանը նշեց, որ թե' ընդդիմադիր, թե' իշխանական կուսակցությունները բանակցում են իրենց ընտրացուցակներում հայ թեկնածուներ ներգրավելու ուղղությամբ:
Նման նախաձեռնությամբ առաջինը հանդես է եկել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը` խոսելով գրող Հայկո Բաղդադի թեկնածության մասին: Սակայն դեռեւս հստակ ոչինչ չկա, կուսակցության ցուցակները պատրաստ կլինեն մարտի վերջին:
Իր ընտրացուցակներում հայեր ընգրկելու հարցում առավել ջանասիրությամբ է գործում Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որը բանակցում է պոլսահայ համայնքի 5 ներկայացուցիչների հետ:
Հայ թեկնածուներ են ցանկանում առաջադրել նաեւ ընդդիմադիր «Ազգայնական շարժումը» (այն ավելի հայտնի է որպես «Գորշ գայլեր») եւ Ժողովրդահանրապետական կուսակցությունը:
Ըստ թուրքագետի` եթե տրամաբանական է, որ նման քայլի են դիմում իշխանական կուսակցությունները, ապա անհասկանալի եւ տարօրինակ է, որ իրենց ընտրացուցակներում հայեր են փորձում ընդգրկել նաեւ ընդդիմադիրները:
«Իշխող կուսակցությունն ամբողջ աշխարհին ցույց կտա, կհիմնավորի իր «հանդուրժողականությունը», իսկ մյուսների հետ կապված` անիմաստ է որեւէ բան մտածելը, հավանական է, որ ինչ-որ դիվիդենդների, մանր շահերի հարց է»,- ասաց Լ. Հովսեփյանը:
Թուրքագետն ընդգծեց նաեւ, որ եթե նույնիսկ այս հայ թեկնածուները խորհրդարան անցնեն, պետք չէ սպասել, որ դրական փոփոխություններ կլինեն հայ համայնքի կյանքում. «Նրանք առաջին հերթին ներկայացնելու են այդ թուրքական կուսակցությունը եւ Թուրքիայի շահերը թուրքական խորհրդարանում: Նշեմ, որ դեռեւս 2009-ի ՏԻՄ մարմիններում հայ թեկնածուներ առաջադրվեցին, նրանց մի մասն անցան, եւ դրանից էական բան չփոխվեց»:
Լ. Հովսեփյանն օրինակ բերեց Պետրոս Շիրինօղլուն, ով նախորդ տարի հանդես եկավ իր հակահայկական հայտարարությամբ: Սա վառ օրինակն է այն բանի, որ թուրքական իշխանություններն օգտագործում են հայ հեղինակություններին` նրանց շուրթերով ասելով իրենց ասելիքը:
Ընդհանուր առմամբ, Լ. Հովսեփյանը նշեց, որ տարբեր սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ առաջիկա ընտրություններում հաղթող կլինի Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, թեեւ մյուս կուսակցություններն էլ «մեծ ախորժակ» ունեն: Այստեղից կարելի է եզրակացնել, որ առաջիկայում հայ-թուրքական հակամարտությունը հարթելու գործընթացում նույնպես էական փոփոխություններ չեն լինի: