Փոխարժեքներ
29 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.48 |
EUR | ⚊ | € 413.13 |
RUB | ⚊ | ₽ 3.76 |
GBP | ⚊ | £ 496.79 |
GEL | ⚊ | ₾ 142.11 |
Տարիներ առաջ, երբ ուսանող էի, մարտի 1-ին բոլորս հագնում էինք կանաչ զգեստ, դասախոսների հետ փախչում էինք դասից եւ նշում գարնան առաջին օրը: Մոռացա` շնորհավոր գարնան առաջին օրը:
Դա տարիներ առաջ էր, իսկ 2008-ից այս կողմ չգիտեմ` ուրախանա՞մ, թե՞ տխրեմ: Երեւի երկուսը միաժամանակ, քանի որ միայն մեկի դեպքում, մյուս զգացողությունը գալիս` ստվերի պես հետեւում է ինձ` ստիպելով ինձ, չգիտես ինչու, մեղավոր զգալ: Գարնան մասին շատ բանաստեղծներ են գրել` յուրաքանչյուրը գրել է իր գարնան մասին: Սա էլ իմ գարնան բանաստեղծական պարտեզն է` ժամանակակից ու դասական...
Ծաղկած ծառի վրա ծաղիկները
Փոքրիկ ու ճերմակ օրորոցներ են,
և ճերմակ բարուրների մեջ արթնացել են
երեխաները, երեսները բացել ու ժպտում են…
համրացած կանգնել ու նայում են`
Տեր Աստված, ի՞նչ հրաշալի ես
Կրկնում անվերջ դու քո Գարունը... (Հովհաննես Գրիգորյան)
Գարնան արեգակ,
Արդար արեգակ`
Ակունք բարության,
Շողա՛ վերստին
Եվ աշխարհին արար
Բարություն օծիր: (Վահագն Դավթյան)
Հայ ջա~ն, իմ սիրտը գարուն է եռուն,
Գարուն է հրավառ հույսերով.
Գրկել եմ ուզում մոտիկն ու հեռուն
Խինդով, հիացքով ու սիրով: (Ազատ Վշտունի)
Գարնան ամպ եմ, գալիս եմ ես,
Մռայլ ահ եմ բերում.
Դուք այդ ահից մի՛ վախեցեք-
Ձմռան մահ եմ բերում:
Գարնան ամպ եմ, գալիս եմ ես,
Ու որոտ եմ բերում.
Դուք որոտից մի վախեցեք-
Ծաղկահոտ եմ բերում: (Լյուդվիգ Դուրյան)
Ես համբուրեցի քեզ ձմռան առաջին օրը,
Որպեսզի սառնությունից ճաքճքված շուրթերը
Այլևս զգան ջերմության ակունքը
Եվ դողդոջ ծիլի պես հակվեն դեպի Արևը…
Ես համբուրեցի քեզ ձմռան առաջին օրը,
Որպեսզի աշունը չդադարի ողբալ իր անհոգության համար
Գարուն է… (Աշոտ Գաբրիելյան)
Ապրե՞լ…
Ապրել միայն կարմիր գարնան,
Երբ ջրերն են իրար խառնվում
Գետեր դառնում
Երբ կանաչն է հասակ առնում,
Փարթամանում
Ապրել միայն կարմիր գարնան: (Հակոբ Հակոբյան)
Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա: Կփոխվի տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգը էլի սարին կմնա: (Եղիշե Չարենց)
Ելան ձմռան մուժից
Շուշանները ձյունե,
Գարուն`կյանքի, ուժի,
Պերճանքներով գունեղ:
Երգեց ջինջ մի վտակ,
Շուրթեր`ձյունը ծծող.
Հողը գգվանք գտավ,
Ծիլը` արև ու շող: (Վահրամ Ալազան)
…Ու նոսր արև.
Ափի մեջ հողը թաց խտանում է ու չի փխրվում.
Հասկանալի չէ` ձմռան ավա՞րտն է, թե՞ մուտք է գարնան:
Եվ առաջինը թեք տանիքների ձյուներն են հալվում,
Ու լինում է ծին բնության անխոս արարածների,
Ու հողագործի խամացած ձեռքն է փոցխ ու բահ բռնում,
Ու վճառում են ձնծաղիկների մատնաչափ փնջեր,
Ու հավասար է ջերմաստիճանը ներսի ու դրսի: (Հուսիկ Արա)
Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերս,
Ու աղբյուրները լեզվիս`սարից իջա ես քաղաք,
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով` տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր: (Հովհ.Շիրազ)
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ