Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ` փետրվարի 28-ին` ժամը 12.30-ին, հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակին հարող տարածքից կազմակերպվեց բողոքի երթ դեպի ՄԱԿ-ի գրասենյակ` Սումգայիթյան ջարդերի օրվա կապակցությամբ:
1988-1990 թթ. Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիները ծրագրված կերպով իրականացրին հայ բնակչության կոտորածներ, ոչնչացրին հայերին պատկանող գույքը: Ավելի քան 200 բնակարան հարձակման ենթարկվեց, բազմաթիվ խանութներ ու արհեստանոցներ թալանվեցին, տասնյակ հազարավոր հայեր փախստական դարձան: Ջարդերն իրականացվեցին ադրբեջանական իշխանությունների գիտությամբ և համաձայնությամբ, դրանց նախորդել էին հակահայկական քարոզչությունն ու ամբոխի անկարգությունները:
Սումգայիթի ցեղասպանության փաստի քողարկումը և միջազգային հանրության ներողամտությունը, այն չդատապարտելը նպաստեցին, որ մարդասպաններն ու նրանց ուղղորդողները խուսափեն արժանի պատժից, ինչը հանգեցրեց Ադրբեջանում իրադարձությունների հետագա վատթարացմանը. գագաթնակետը դարձան 1990 թվականի հունվարին Բաքվում տեղի ունեցած հայկական կոտորածները:
Շուրջ 10000 երիտասարդ Հայաստանում գործող 40 երիտասարդական կազմակերպություններից, այդ թվում` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ երիտասարդական կազմակերպություններից, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից, «Միասին» շարժումից, անկախ քաղաքական հայացքներից, հետաքրքրությունների շրջանակներից, միավորվելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնության շուրջ, փետրվարի 28-ին կայացած երթի միջոցով իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընդդեմ կատարվածի և հանուն ոճրագործության դատապարտման:
Երթին մասնակցող տասնյակ երիտասարդական կազմակերպություններն իրենց գործունեության ընթացքում առաջին անգամ նման համախմբվածությամբ հանդես եկան հայտարարությամբ, որով դատապարտում են 1988-ի փետրվարի 28-ին կատարվածը և պահանջում.
«Մենք` Հայաստանի երիտասարդներս, պահանջում ենք, որպեսզի միջազգային կազմակերպությունները, միջազգային հանրությունը դատապարտեն 1988-1990 թթ. հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը և դրան տան քաղաքական գնահատական: Իրականացված Ցեղասպանության չդատապարտումը կծնի նոր Ցեղասպանություններ և այլ ռազմական հանցագործություններ, հատկապես, երբ Ադրբեջանն այսօր էլ չի հրաժարվել ռազմական հռետորաբանությունից և փնտրում է Ղարաբաղյան հիմնահարցի ռազմական ճանապարհով լուծման ուղիներ»:
Երիտասարդները 1988-1990 թթ. հայերի դեմ կատարված կոտորածները դատապարտող հայտարարությունը ուղարկեցին նաև ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպաններին. տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամից: