կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-18 03:43
Քաղաքական

Ծառուկյանի թիկնոցն ամուր է

Ծառուկյանի թիկնոցն ամուր է

«Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ եւս կարողացավ ապացուցել հասարակությանը, որ իր` քաղաքական գործչի թիկնոցը շատ ամուր է»,- ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` ԲՀԿ-ի` կոալիցիոն նոր հուշագրին միանալուն անդրադառնալով:

 

Նրա խոսքերով` այս հուշագիրը սովորական քաղաքական գործընթաց չէր, որ մի օր հանդիպեին եւ ամեն ինչ միանգամից պլանավորեին, այն քննարկումների մեծ փուլ է անցել. «Վերջնական բանավեճը եղել է ժամկետների հետ կապված`այն այսօ՞ր ներկայացնել հասարակությանը, թե՞ մի քիչ ավելի ուշ»:

 

Հարցին, թե արդյո՞ք չի բացառվելու ազատ մրցակցությունը հետագա խորհրդարանական ընտրություններին, քանի որ ստորագրվելիք հուշագրում նշվում է, որ կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին, Գ. Սահակյանը պատասխանեց. «Մենք ասում ենք, որ մենք ոչ թե մեկս մյուս նկատմամբ չարամիտ դրսեւորումներ ունենանք` հանուն ընտրությունների, այլ համաձայնեցված գործողություններ` հանուն լավ ընտրությունների: Բացառված չէ, տեսական բան եմ ասում, որ կարող է Հանրապետականը 3-րդ կամ 2-րդ տեղում լինի կամ որեւէ տեղում չլինի: Մենք ուղղակի ժողովրդին հաշվետվություն ենք տալիս` ինչ ենք ցանկանում եւ ինչի համար»:

 

Գալուստ Սահակյանը հավելեց նաեւ, թե հուշագիրը  հայեցակարգային բնույթ ունի, ոչ թե իրավական, եւ եթե կուսակցություններից որեւէ մեկը խախտի պայմանները, դատարան չեն դիմելու:

 

Իսկ այն հարցին ի պատասխան, թե լուրեր կան, որ արդեն իսկ պաշտոնների բաշխման հարցն է քննարկվում կուսակցությունների կողմից, Գ. Սահակյանն ասաց. «Պաշտոնների մասին քննարկելու հարցը չկա: Մի տարի է մնացել խորհրդարանական ընտրություններին, էս պահին պաշտոններ չեն քննարկում: Պաշտոնների խնդիրը քննարկվում է խորհրդարանական ընտրություններից հետո, երբ քաղաքական մեծամասնությունը ձեւավորում է խորհրդարանը եւ որոշում հետագա անելիքները»: