Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Էյ-Բի-Սի» կրթական հասարակական կազմակերպությունն այսուհետ գրասենյակ կունենա Արցախում: Գրասենյակի բացման կապակցությամբ մամուլի ասուլիս էին հրավիրել կազմակերպության հիմնադիր անդամներ Արթուր Դանիելյանը, Խաչիկ Գեւորգյանը եւ Հայկ Հարությունյանը:
Արտերկրում ուսում ստացած ուսանողների եւ երիտասարդ մասնագետների կազմակերպության նպատակը Հայաստանի տարբեր ոլորտների զարգացումն է: «Այստեղ գալուց հետո մենք հասկացանք, որ մեր գործունեության կարիքը կա, եւ որ Հայաստանի զարգացումը սկսվում է Արցախի զարգացումից»,- ասուլիսի ժամանակ շեշտել է Հայկ Հարությունյանը:
Նրա խոսքերով` գրասենյակը երիտասարդների եւ ուսանողների համար ծառայելու է որպես ռեսուրս-կենտրոն, այստեղ անվճար խորհրդատվություններ են տրամադրվելու աշխարհի կրթական համակարգերի եւ միջազգային կրթական հաստատությունների վերաբերյալ, անցկացվելու են անգլերենի անվճար դասընթացներ, կազմակերպվելու են տարբեր թեմաներով կարճատեւ դպրոցներ, դասընթացներ, բանավեճեր, ինտելեկտուալ խաղեր եւ այլն:
Հատուկ ուշադրություն է դարձվելու արցախցի երիտասարդների` արտերկրի տարբեր բուհեր դիմելու գործընթացին, որի ընթացքում երիտասարդները համապատասխան խորհրդատվություններ են ստանալու գրասենյակի աշխատողների եւ կազմակերպության մասնագետների կողմից:
Այս ամենի գերագույն նպատակը, ըստ կազմակերպության անդամների, Արցախը միջազգային կրթական ասպարեզում եւ քաղաքացիական հասարակության մեջ տեսանելի դարձնելն է, ուստի, ինչպես խորհուրդ տվեց կազմակերպության հիմնադիր անդամ, «Արմակադ» գիտական ցանցի հիմնադիր Խաչիկ Գեւորգյանը, արցախցի երիտասարդները պետք է ակտիվ լինեն վերոնշյալ բուհեր դիմելու գործում, հատկապես որ ոչ մի խոչընդոտ դրա համար չկա: «Չկա մի համալսարան, որտեղ Արցախից դիմում ստանան եւ մերժեն այն պատճառով, որ Արցախից է դիմողը»,- վստահեցրել է Խաչիկ Գեւորգյանը:
Այս ամենն այս տարվա ընթացքում իրականացվելու է «Արցախի ուղի» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Հայաստանում գործող «Էյ Ի Ջի Սերվիս» ընկերությունը, որի դուստր ձեռնարկությունը` «Էյ Ի Ջի»-ին, իրականացնելու է «Արցախգազ» եւ «Արցախէներգո» ընկերությունների կառավարումը:
«Դրամաշնորհը 16 մլն դրամ է, որը թույլ կտա այստեղ 1 տարի գրասենյակ ունենալ: Սա չի նշանակում, որ ծրագիրը մեկ տարի է լինելու, մենք արդեն որոշակի աշխատանքներ ենք տանում, որ ծրագիրը շարունակվի նաեւ մյուս տարիներին»,- շեշտել է Հայկ Հարությունյանը: