Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ «Երկիր» թերթն անդրադարձել էր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանդիպմանը: «Ի՞նչ պետք է անի կաթողիկոսի ներկայացուցիչը հանդերում ու արտերում» վերնագրով հրապարակման մեջ նյութ չունեցող հեղինակը փորձում է այս հանդիպման մասին սեփական լղոզված մտքերը շարադրել այնպես, որ այն ընթերցողի համար զավեշտ թվա:
Հեղինակին հետաքրքրում է, թե ինչ պետք է անի Մայր Աթոռի ներկայացուցիչը գյուղնախարարությունում: Հավանաբար, լրագրողական էթիկայի պակասը թույլ չի տվել հեղինակին իրեն հետաքրքրող հարցերով դիմել հենց Մայր Աթոռին: Ինչո՞ւ ընտրել քաղաքակիրթ այդ ճանապարհը և զրկվել «աղմկոտ» հոդված ունենալու գայթակղությունից կամ պատվիրատուի «ապրես»-ից:
Կարևոր է նշել նաև մեկ այլ պարագա. թերթը, լինելով կուսակցական օրգան և ելնելով այն իրողությունից, որ վերջին ժամանակները կուսակցությունն է ղեկավարել գյուղնախարարությունը, ըստ երևույթին իր մտքում արդեն «սեփականաշնորհել է» նախարարությունը, և իր համար անհասկանալի է թվում, որ իրեն «պատկանող» նախարարության մեջ կարող է հանկարծ եկեղեցին որևէ մասնակցություն ունենալ: Այն, որ հիշյալ կուսակցությունը երևելի և աներևույթ կերպով «աշխատում է» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ, հայտնի է, և փաստերի պակաս չկա. վկան մեր հանրապետություն անկախացումից առաջ 60 տարիների պատմությունն է: Եթե այդ մոտեցումը պայմանավորում էին Սովետական Միության վարած քաղաքականությամբ, ապա անկախ պետություն ունենալուց հետո նման դրսևորումներն անհասկանալի են:
Տարօրինակ է նաև «Լրագիր» թերթի հրապարակումն այս առնչությամբ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենը, լրագրողների հարցերին պատասխանելով, ասել էր, որ որևէ անպատեհություն չկա այն բանում, որ օրհնության կարգ կատարվի հանդերում և արտերում: Այս մտքի հետ համամիտ է հոդվածի հեղինակը, բայց «սարսափում է» եկեղեցու` կյանքի բոլոր ոլորտներ տոտալ ներգրավումից:
Եկեղեցու կատարած որևէ քայլ այս մարդկանց մոտ առաջացնում է այնպիսի հակազդեցություն, ինչպիսին կարմիր գույնը ցլի համար: Կարգազանց եկեղեցականների նկատմամբ պատժի կիրառումը ներկայացվում է իբրև սաստիկ խստություն, իսկ ներողամտությունը կամ ոչ խիստ պատժի կիրառումը բնութագրվում իբրև անպատժելիություն:
Մերթ եկեղեցուն մեղադրում են ժողովրդից կտրված և պասիվ լինելու մեջ, մերթ էլ որևէ բնագավառում եկեղեցու ներգրավվածությունը դառնում է նրանց համար զավեշտալի, երբեմն էլ սպառնալիք պետության դեմ: Այստեղ ակնհայտ է դառնում, որ որոշ անձեր միտված են ոչ թե հասարակությանը հասցնել մեր երկրում կատարվող դրական կամ բացասական իրադարձությունների մասին ճշգրիտ տեղեկություններ, այլ աշխատում են հատուկ նպատակներով և գուցե հատուկ պատվիրատուների համար:
Ճիշտ և ճիշտ Քրիստոսի ներկայացրած վիճակն է. «Փող զարկեցինք ձեզ համար, եւ չպարեցիք, ողբ ասացինք, եւ դուք լաց չեղաք»։ Եկաւ Յովհաննէս Մկրտիչը, չէր ուտում եւ չէր խմում. եւ դուք ասացիք՝ նրա մէջ դեւ կայ։ Եկաւ մարդու Որդին. ուտում է եւ խմում. եւ դուք ասում էք. «Ահա ուտող եւ խմող մի մարդ, մաքսաւորների եւ մեղաւորների բարեկամ» (Ղուկաս 7:32-34): Այս է, դժբախտաբար, վիճակը և այսօր:
Արսեն սարկավագ Զոհրաբյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետի օգնական