կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-12 01:10
Հասարակություն

Վտանգված է ազգի գենոֆոնդը

Վտանգված է ազգի գենոֆոնդը

Հայաստանի բնակչության 57 տոկոսն ապրում է աղտոտված միջավայրում. վտանգված է ազգի գենոֆոնդը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերայի հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը:

 

Նա լրագրողների ուշադրությունը հրավիրեց հանրապետության հողերի աղտոտվածության վրա` նշելով, որ վերջին տարիներին ընթացող անկառավարելի գործընթացները հանգեցրել են դրանց` ծանր մետաղներով աղտոտմանը: Թույները հողից անցնում են գյուղմթերքին, ապա` մարդկանց, մինչդեռ երեխաների օրգանիզմը պատրաստ չէ դիմակայել դրանց: Արդյունքում` ապրում ենք առողջության համար վնասակար աղտոտված միջավայրում:

 

Ինչ վերաբերում է լուրերին, թե ՀՀ սահմաններից դուրս եկող ջուրը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, կենտրոնի տնօրենը հերքեց` ասելով, որ կենտրոնը ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում 6 տարի շարունակ ուսումնասիրություններ է կատարել սահմանային կետերում` ստուգելով 40 ցուցանիշ. արդյունքը մեկն է` մեր սահմաններից դուրս եկող ջուրը համապատասխանում է միջազգային նորմերին:

 

Կենտրոնի լաբորատորիայի ղեկավար Լիլիթ Սահակյանը տեղեկացրեց, որ գյուղական շրջաններում դաշտերը ոռոգվում են լեռնահանքային արդյունաբերության արգասիքներով աղտոտված ջրերով: Հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել են մի շարք ծանր մետաղներ` սնդիկ, արսեն, կադմիում, որոնք առաջին վտանգավորության տարրեր են: Նրա խոսքով` մասնագետները առաջիկայում գնալու են Ախթալա, Ալավերդի եւ բնակիչներին պատմելու են արդյունքների մասին` առաջարկելով աճեցնել այնպիսի մշակաբույսեր, որոնք ավելի քիչ են կլանում ծանր մետաղները:

 

Ծանր մետաղներով աղտոտվածության դեմ պայքարը բավականին ծախսատար է, եւ խնդրի լուծման համար անհրաժեշտ են պետական աջակցություն եւ մեծ ռեսուրսներ: