Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«1923 turk» հաքերական խումբը վերջերս կոտրել է մի քանի հազար ինտերնետային կայք, որոնցում եղել է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը:
Սա այն եզակի դեպքերից է, որ հենց թուրք հաքերներն են գրոհել: Հիմնականում նման գրոհները բնորոշ են ադրբեջանական կողմին: Ի դեպ, այդ գրոհները նաեւ «սեզոնային» բնույթ ունեն. հիմնականում կայքերի վրա հարձակվում են հունվարի 20-ի, փետրվարի 28-ի եւ ապրիլի 24-ի նախօրեին:
«Սա, կարծես, ապրիլի 24-ի նախապատրաստությունն էր: Հստակ ասված է, որ վեբ-կայքեր ջարդելն ուղղված է Հայոց ցեղասպանության ժխտման գործին: «1923 turk»-ը շատ հայտնի խումբ է, ունի շատ անդամներ, եւ նրանք շատ ակտիվ են»,- ասաց «Սմարթ Տեխ» ընկերության անվտանգության մասնագետ Ռուբեն Մուրադյանը:
Թուրք հաքերների այս խմբի հաշվին 96 հազար կոտրված կայք կա, նրանք դա «խոստովանում են» Zone-h.org կայքում: Սակայն սա դեռեւս հիմք չի կարող լինել նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Նախեւառաջ` խոստովանությունը դեռեւս հանցանքի ապացույց չէ, մյուս կողմից էլ` հայտնի է միայն խմբի անունը, իսկ թե ովքեր են անդամները, անհայտ է:
Ռուբեն Մուրադյանի համար կասկածելի է այն, որ նշվում է հարձակման ենթարկված կայքերի կոնկրետ թիվ` 6157: Անհասկանալի է, թե նրանք ինչ սկզբունքով են ընտրել թիրախային կայքերը. հաքերներն այն չեն նշում: Կարելի է միայն հաստատել, որ կոտրվել են հազարավոր կայքեր:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը խոսեց զանգվածային այս հարձակման օգտաբեր կողմի մասին: Կոտրված կայքերը հիմնականում անհայտ ընկերությունների եւ անհատների են պատկանում: Նրանք, որ առանձնապես կապ չեն ունեցել Ցեղասպանության թեմայի հետ, հանկարծ վնաս են կրում. «Եվ զուտ հոգեբանորեն այս մարդը դառնում է մեր ընկերը: Մենք արդեն ունենք մոտ 6000 ընկեր եւ նրանց հետ կարող ենք աշխատել: Մենք կարող ենք տեղադրել մեր ինֆորմացիան, եւ դիմադրություն չի լինի»:
Հաքերային հարձակումների մյուս օգուտն էլ այն է, որ կոտրված կայքերի տերերը զգուշանում են եւ կայքի պաշտպանվածությունն ավելի են հզորացնում:
Իսկ «Երկիր»-ի այն նկատառմանը, թե ֆինանսական կորուստներ, այնուամենայնիվ, լինում են, Ռ. Մուրադյանն ասաց, որ իրականում վնասված կայքը վերականգնելն այնքան էլ դժվար չէ, իսկ ահա պաշտպանվածությունը մեծացնելը ոչ թե կորուստ է, այլ` օգուտ: