կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-17 22:41
Տնտեսական

ԿԱՊԻՏԱԼ. Եվրոպան զիջում է ԱՄՆ-ին

ԿԱՊԻՏԱԼ. Եվրոպան զիջում է ԱՄՆ-ին

Առաջիկա երկու տարում ամերիկյան տնտեսությունն ավելի արագ կաճի, քան զարգացած մյուս տնտեսությունները: Այս մասին են վկայում շուրջ 200 տնտեսագետների շրջանում Reuters-ի անցկացրած հարցման արդյունքները: Ըստ տնտեսագետների` մանրածախ առևտրի ծավալների աճի արդյունքում (ընթացիկ տարվա նոյեմբերին 5-րդ ամիսը շարունակ այն բարձր ցուցանիշներ է արձանագրել) ԱՄՆ-ում կաճի  սպառողական պահանջարկը, ինչը, իր հերթին, կխթանի տնտեսական աճը: Մյուս կողմից` փորձագետները տնտեսական աճի առավել դանդաղ տեմպերն են կանխատեսում ինչպես եվրոգոտու երկրների, այնպես էլ Մեծ Բրիտանիայի համար: Ճապոնիայում ընթացիկ տարվա վերջին եռամսյակում ակնկալվում է ՀՆԱ-ի կտրուկ անկում, իսկ 2011թ.` տնտեսական ցածր աճ: Նշենք, որ ըստ բրիտանական Barclays Capital-ի փորձագետ Լարի Քանթորի` եթե երեք ամիս առաջ դեռ անորոշ էր տնտեսական ակտիվության անկման ժամականավոր լինելու հանգամանքը, ապա ներկայում արդեն պարզ է, որ դա ընդամենը ընդմիջում էր` ուղղված կայուն աճին:

 

Ըստ վերոնշյալ հարցման` 2011թ. ԱՄՆ-ի ՀՆԱ-ն  տարեկան կաճի 2,7%-ով, մինչդեռ ընթացիկ տարվա նոյեմբերին փորձագետներն ակնկալում էին, որ 2011թ. այն կկազմի 2,3%: Ընդ որում` այս ցուցանիշը Մեծ յոթնյակի երկրների շրջանում ամենաբարձրերից մեկն է: Մյուս կողմից` զարգացող տնտեսությունները, այդ թվում` Չինաստանն ու Հնդկաստանը, շատ ավելի արագ են աճում: Ընդ որում` Չինաստանը նույնիսկ հարկադրված էր միջոցներ ձեռնարկել տնտեսական «գերտաքացումից» խուսափելու համար:

 

Փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ի վերաբերյալ լավատեսական կանխատեսումների համար հիմք են ծառայել նաև ԱՄՆ-ում հարկային արտոնությունների ծրագիրը երկու տարով երկարաձգելու, ինչպես նաև աշխատավարձերից գանձվող հարկերը 2%-ով նվազեցնելու որոշումները: Իսկ ըստ ամերիկյան Mesirow Financial-ի` 2011թ. ԱՄՆ-ը մի շարք գործոնների արդյունքում (այդ թվում՝ հարկային արտոնությունների երկարաձգում, քանակական մեղմացման քաղաքականություն, ֆինանսական շուկաների կայունացում և այլն) տնտեսական բարձր ցուցանիշներ կարձանագրի միայն աստիճանաբար:

 

Առաջիկա երկու տարիներին եվրոգոտում տնտեսական աճի բարձր ցուցանիշներ չեն ակնկալվում` հաշվի առնելով եվրոգոտու «արվարձանային» երկրների տնտեսական խիստ ուղեգիծը, ինչպես նաև այն մտավախությունները, որ եվրոգոտու` պարտքային ճգնաժամում գտնվող երկրները, այդ թվում՝ Պորտուգալիան և Իսպանիան, ոչ միայն չեն կարող հաղթահարել ճգնաժամը, այլև նոր ճգնաժամում կհայտնվեն: