կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-26 16:55
Քաղաքական

Մինչ օրս քննարկված աշխատանքային փաստաթղթերում կա կետ, որ ԼՂՀ-ն պետք է ներգրավված լինի բանակցություններում. Նալբանդյան

Մինչ օրս քննարկված աշխատանքային փաստաթղթերում կա կետ, որ ԼՂՀ-ն պետք է ներգրավված լինի բանակցություններում. Նալբանդյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր խորհրդարանում 2015 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ընթացքում, պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը, հայտարարեց, որ աշխատանքային բոլոր փաստաթղթերում, որոնք դրված են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային սեղանին, առկա է Լեռնային Ղարաբաղին բանակցային կողմ ճանաչելու` Հայաստանի պահանջը:

Փաշինյանի խոսքով`Հայաստանը շարունակում է հետևողականորեն բանակացել Ադրբեջանի հետ` առանց Արցախին, որպես կողմ, ներգրավելու: «ԱԳՆ ներկայացուցիչներն այս հարցին շատ տարօրինակ պատասխան են տալիս, ասում են, թե Ադրբեջանը չի համաձայնում բանակցել Ղարաբաղի հետ այս ֆորմատով: Ստացվում է, որ այս հարցում Հայաստանը պաշտոնական դիրքորոշում է հայտնում` Ադրբեջանի դիրքորոշման համաձայն»,- նշեց պատգամավորը:

ԱԳ նախարարը չհամաձայնեց պատգամավորի դիտարկումներին, թե Հայաստանը համաձայնում է առանց Արցախի բանակցություններ վարելուն: Նախարարը պնդեց, որ բոլոր աշխատանքային փաստաթղթերում, որոնք մինչ օրս քննարկվել են և Վիեննայում ի պահ տրվել գլխավոր քարտուղարության գրասենյակում, կա կետ, որ ԼՂՀ-ն պետք է ներգրավված լինի բանակցություններում, և առանց ԼՂՀ-ի անհնար կլինի որևէ փաստաթղթի մշակում:

Անդրադառնալով 200 միլիոն դոլարին համարժեք զենք գնելուն և զենքի որակին` Նալբանդյանն ասաց, որ կան համապատասխան մարմիններ և կառույցներ, որոնք այդ գործընթացն ուղղորդում են:

«ՀՀ պաշտպանության նախարարություն էլ օրերս հայտարարեց` հնարավոր ջանքեր են գործադրվում, որ արագացված ձևով ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվեն: Չեմ կարծում, որ այստեղ ավելի էմոցիոնալ հայտարարությունները կօգնեն, որ գործընթացն արագ լինի»,- ասաց նախարարը:

 Փաշինյանը հակադարձեց` նշելով, որ իր հարցերին կոնկրետ պատասխաններ չհնչեցին: «Իրականում Դուք ոչ թե իմ հարցերին պատասխանեցիք, այլ ելույթ ունեցաք, ես կասեի` ճառարտասանեցիք: Ես կասեի, որ այն ահագին ձանձրալի էր և թեմայի հետ կապ չունեցող»,- ասաց նա: