Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք տոնում ենք մեր անկախության 20-ամյակը: Մեր դժվար ու չքնաղ անկախության 20-ամյակը:
Մենք ապրեցինք զրկանքներով ու հիասթափություններով, հաջողություններով ու ոգեւորություններով հարուստ քսան տարիներ: Մենք տոնում ենք մեր անկախության 20-ամյակը: Որքան ցավոտ ու կնճռոտ խնդիրներ ունի քսանամյա Հայաստանի Հանրապետությունը: Որքա՞ն հաճախ եք դուք մեր անկախ Հայրենիքից վատ լուրեր ստանում: Սոցիալ-տնտեսական դժվարություններ, պարբերաբար կեղծվող ընտրություններ, զանազան այլ անարդարություններ, անվերջ արտագաղթ… Եվ հարց է առաջանում, այսքանից հետո ի՞նչն ենք տոնում:
Սակայն մի շտապեք եզրակացնել. ձեր դատողության կշեռքի մի նժարին դրեք մեր կյանքի դրական կողմերը, մյուսին` բացասական: Դրական նժարին դրեք հայոց անկախ պետականության վերականգնումը: Միեւնույն նժարին դրեք ազատագրված Արցախը եւ հայոց բանակը: Իսկ մյուս նժարին դրեք` ինչ ուզում եք` ժողովրդավարության պակաս, սոցիալական դժվարություններ, հասարակական անարդար հարաբերություններ, տնտեսական կաշկանդումներ, իշխանավորների կամայականություններ եւ էլի` ինչ ուզեք: Դրե'ք, կշռե'ք եւ դատե'ք: Վստահ եմ` բոլորդ ինձ հետ համաձայն կլինեք. ավելի ծանր, շատ ավելի ծանր է կշռելու այն նժարը, որին դրված են մնայուն արժեքները` անկախ պետականությունը, ազատագրված Արցախը եւ Հայոց բանակը: Եվ դա ոչ թե այն պատճառով, որ մյուս նժարի վրա դրվածները կարեւոր, նույնիսկ շատ կարեւոր ու կենսական չեն: Ոչ, հազար անգամ ոչ: Պատճառը բոլորովին այլ է:
Մենք ստեղծել ենք ու ունենք անկախ պետականություն, անկախ հայրենիք: Անկախ հայրենիք, որ մերն է, եւ մենք ունենք հնարավորություն այդ հայրենիքում լուծել մեր խնդիրները: Որքա՞ն ժամանակ ենք մենք զրկված եղել միասին, ազգովի, մեր սեփական հայրենիքում զարգանալու, արժանապատիվ կյանքով ապրելու, մեր հավաքական, ազգային ճակատագիրը տնօրինելու հնարավորությունից: Մինչդեռ այսօր ունենք այդ հնարավորությունը: Այսօր ունենք այն, ինչից զրկված ենք եղել ինը դար շարունակ: Ունենք այն պատմական միջավայրը, ուր հնարավոր է միասին, իբրեւ ազգ զարգանալ: Մենք ունենք հիմնականը, մնայունը: Մենք ունենք մեր անկախ Հայաստանը:
Մենք ցեղասպանության ենթարկվեցինք, մեզ կոտորեցին, որ գոյություն չունենանք իբրեւ ազգ, որ պետություն չդառնանք, որ դադարենք ինքնուրույն քաղաքական գործոն լինելուց: Սակայն անկախ հայրենիքի գոյության փաստը ապացույցն է այն բանի, որ մենք ունենք կամք` Ցեղասպանության հետեւանքները թոթափելու եւ ամբողջությամբ վերականգնվելու: Անկախ հայրենիքի գոյության փաստն ապացույցն է այն բանի, որ մենք ազգ ենք, պետականություն եւ միջազգային մակարդակում` քաղաքական ինքնուրույն գործոն:
Ծանր է կշռելու այդ նժարը նաեւ, որովհետեւ անկախ պետականությունը ազգային իղձերի իրականացման հիմնական միջոցն է: Անկախ պետականությունը ազգի շարունակականության ապահովման հիմնական գրավականն է: Եվ վերջապես, անկախ պետականության պայմաններում է, որ մեր հավաքական կյանքում կարելի է հասնել արդարության հաստատման: Եվ միայն անկախ պետականության պարագայում է, որ կարող է խոսք գնալ ժողովրդավարության մասին: Մնացյալը ժամանակի եւ հավաքական կամքի հարց է: Ու չնայած սուղ է մեր ժամանակը, չնայած մենք այլեւս ուշանալու ժամանակ չունենք, բայցեւայնպես մեր ժամանակն այլեւս ընթանում է մեր հայրենիքում:
Կշեռքի այդ նույն նժարի վրա է դրված նաեւ ազատագրված Արցախը: Ազատագրված Արցախը, որ այլեւս անդառնալի իրողություն է: Ինը դար հետո մենք հող ենք ազատագրել, հայրենիքի սրբազան մաս ենք ազատագրել եւ այս հաղթանակից նահանջ, վերադարձ չկա: Չկա, եւ վերջ: Արցախի ազատագրական պայքարը միայն չհանգեց Արցախի ազատագրման հաղթանակին, այն գույն ու բովանդակություն տվեց մեր անկախ պետականությանը, այն կյանք ու նկարագիր տվեց մեր բանակին: Վերջին քսան տարիներին շատ բաների համար ենք պարտական Արցախի ազատագրական պայքարին: Այն մեզ հպարտություն, ինքնավստահություն եւ հույս պարգեւեց: Այն մեզ նպատակասլացություն, աննահանջ պայքարով ու միասնականությամբ ամեն դժվարություն հաղթահարելու հավատ փոխանցեց:
Մենք մեկ անգամ եւս ապացուցեցինք, որ երբ միասնական ենք, կարող ենք ամեն նպատակ նվաճել: Նույն ազգային միասնականությունն է մեզ անհրաժեշտ Արցախի ազատագրման փաստը միջազգայնորեն եւ վերջնականապես արձանագրելու համար: Մենք մեկ անգամ եւս համոզվեցինք, որ երբ արդար ենք եւ մեր արդար պահանջը հետապնդելու համար վճռական, միասնական ու պատրաստ պայքարելու, ի վիճակի ենք մեր ճշմարտությունը մեզանից շատ ավելի մեծ ուժերի, բոլորի'ն պարտադրելու: Մենք ապացուցեցինք, որ պայքարով կարող ենք հավաքական նպատակներ իրականացնել եւ այդ պայքարում ուժի քանակային հարաբերակցությունը կարեւոր չէ, այլ կարեւոր է մեր միասնականությունը, վճռականությունը, նպատակասլացությունը: Մենք ազգ ենք, որ կարող ենք նվաճել ապրելու, զարգանալու, միասնաբար ապրելու զարգանալու, միացյալ Հայաստանում միասնաբար ապրելու եւ զարգանալու մեր` ի վերուստ տրված իրավունքը: Ուրեմն ազատագրված Արցախը ապացույցն է մեր ազգի կենսունակության: Ազատագրված Արցախը վստահ մեկնարկն է դեպի միացյալ Հայաստանի կերտման մեր երթի: Ազատագրված Արցախը երաշխիքն է մեր ազգի հզորացման:
Կշեռքի նույն նժարի վրա է դրված հայկական բանակը, իբրեւ ինքնապաշտպանության եւ ազգային անվտանգության ապահովման հույսն ու ապավենը: Իրականությունն այն է, որ հայկական բանակը հենց մենք ենք` բոլորս: Ազգ-բանակն է մեր իրականության համահունչը: Մենք փոքր ազգ ենք եւ պարտավոր ենք այդպիսին լինել: Պետք է կազմակերպվենք այդպես: Մենք վաղուց պարտավորված կլինեինք դիմագրավել մի նոր պատերազմի, եթե չլիներ մեր բանակը` իր մարտունակությամբ, իր պատրաստվածությամբ ու սպառազինմամբ: Գիտեմ` մենք հիմնականում մեր կենսունակ տնտեսությամբ, ներազգային առողջ մթնոլորտով ու միասնականությամբ պետք է բացառենք նոր պատերազմի հավանականությունը, սակայն իրողություն է. պատերազմից խուսափելու համար անընդհատ պետք է պատրաստ լինել պատերազմի, եւ դրա գրավականը մեր բանակն է:
Մեր հաղթական բանակը մեր պատիվն է, մեր աչքի լույսը, սակայն այն մեր հասարակության մասն է` շարունակությունը, որը հասարակությունից ստանում է ամբողջ լավն ու միաժամանակ վատը: Բանակում պետք է լինի այնպիսի ղեկավարված իրավիճակ, որպեսզի լավն ընդունելով հանդերձ չեզոքացվի վատը: Ժամանակն է ճշգրտորեն ձեւավորել ու քաջալերել հայ սպայի, բանակայինի, հրամանատարի կերպարի հատկանիշները: Պետք է փոխել արժեչափերը. փողը, շրջապատը, թիկնապահների քանակը, ավտոմեքենաների տեսակը չեն կարող հեղինակություն ապահովել հայ սպայի ու հրամանատարի համար, այլ` ասպետությունը, համեստությունը, հայրենասիրությունը, պարկեշտությունն ու պատվախնդրությունը:
Մեր անկախության ամբողջ այս քսան տարիների ընթացքում ամեն օր, ամեն վայրկյան, մեր ապավենը եղել է եւ կա մեր բանակը: Մեր բանակը` իր բոլոր խնդիրներով հանդերձ: Հիմա ես չեմ կարող շրջանցել մի կարեւոր թեմա: Վերջին շրջանում հասարակության լայն քննարկման առարկա դարձան բանակում առկա խնդիրներն ու տեղի ունեցող ցավալի միջադեպերը: Եվ սա սպառնում է կրել շարունակական բնույթ, եթե ժամանակին չկանխվի: Ես նկատի ունեմ` կանխվի բանակում առկա խնդիրներին ու տեղի ունեցող միջադեպերին հասարակական հնչեղություն տալը: Ոմանք կասեն, որ դրա լավագույն միջոցը հենց խնդիրներն ու միջադեպերը վերացնելն է: Անշուշտ, դա այդպես է: Բայց քիչ առաջ նշեցի, որ բանակը մեր հասարակությունից անջատ չէ, այլ նրա շարունակությունը: Անշուշտ, բանակի ղեկավարությունը պետք է հստակ պատասխանատվություն կրի բանակի ներքին մթնոլորտի ու վատ երեւույթների վերացման համար, սակայն «զարմանալի» է, որ ոմանք մասնավորապես թիրախ են դարձնում բանակը` ընդհանրապես մեր հասարակության մեջ առկա արատավոր երեւույթների համար:
Հայաստանն Ավստրիան չէ, եւ Հայաստանի հարեւանները քաղաքակիրթ չեխերն ու հունգարները չեն: Ես չեմ կարծում, որ նրանք, ովքեր բանակում ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող տխուր միջադեպերը դարձնում են մատի փաթաթան, այս ամենը չեն գիտակցում: Մեր բանակը մեր ամենամեծ ձեռքբերումն է: Այն մեր նորանկախ պետականության ամենակազմակերպված դրական կառույցն է եւ չի կարելի այն վարկաբեկել մասնավոր սխալների եւ պարագայաբար դրսեւորվող անընդունելի արատների համար, որից ,ցավոք, զերծ չէ մեր հասարակության որեւէ կառույց: Ցավում եմ, որ ստիպված եղա խոսել այս թեմայի շուրջ: Երանի հնարավոր լինել ասել միայն այն, որ անկախության ամբողջ այս քսան տարիների ընթացքում ամեն օր, ամեն վայրկյան, մենք ապավինել ենք մեր բանակին: Ասել ու անցնել առաջ…
Հայկական պետականության անկումով եւ Հայաստանից հայկական նախարարական տների հեռացումով, մենք կորցրինք մեր մարտական ուժը, մեր ինքնապաշտպանության կարողությունը, մեր անվտանգությունը ապահովելու հնարավորությունը: Դարձանք վիրավոր ու խոցելի արտաքին հարվածների դեմ: Իբրեւ տրամաբանական հետեւանք` սկսվեց մեր ժողովրդի անկումը: Մենք կորցրինք ու կորցրինք մինչեւ 19-րդ դար, մինչեւ հայ ազատագրական պայքարի ծավալում, երբ ժողովրդի ծոցից ելան գեւորգ չավուշները, սերոբ աղբյուրներն ու ռուբենները` ձեւավորելու հայոց մարտական ուժը: Մինչեւ կամավորական գնդերի կազմակերպում, որոնք կարողացան Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում հայ ժողովրդին փրկել վերջնական կործանումից: Արցախի ազատագրական պայքարով նորեն ձեւավորվեց հայոց մարտական ուժը, որը դարձավ հայկական բանակի ստեղծման հիմնաքարը:
Այժմ կայացած իրողություն է հայկական բանակը, մեր հույսը, պատիվը, մեր ողնաշարը, դեմքն ու ինքնապարտադրման միջոցը: Հայկական բանակը, որին անկախության ողջ այս քսան տարիների ընթացքում ապավինել ենք ամեն օր, ամեն վայրկյան: Եվ վերջապես, այս նժարի վրա է մեր էությունը, մեր ապագան, մեր շարունակականության գրավականը: 20 տարվա իրողություն է այս ամենը, մի հայացքով կարճ, մեկ այլ հայացքով վստահություն ներշնչող իրողություն: Այո, մենք ստեղծել ենք, մենք ունենք հիմնականը, մնայունը` մեր տունը: Մենք դժվարությամբ ու զոհաբերություններով կերտել ենք մեր տան հիմքերը ու տանիքը, այժմ ժամանակն է տան ներքին հարցերը կարգավորելու, ես համոզված եմ, եւ դուք էլ հավատացեք` կարգավորելու ենք:
Ես տեսնում եմ վաղվա Հայաստանը, որ մենք ենք կառուցելու, կառուցելու ենք միասնաբար` ազգային միասնականությամբ: Ես տեսնում եմ վաղվա Հայաստանը, որն իր գրկի մեջ է առնելու տարագիր ու արտագաղթի ցուպը վերցրած հայորդիներին: Ովքեր տուն են վերադառնալու, սեփական երկրում իրենց ազգային ճակատագրի տնօրինման գործին մասնակից դառնալու համար: Ովքեր տուն են վերադառնալու` իբրեւ ազգ արդարության, ազատության եւ միասնականության պայմաններում ապրելու եւ արարելու: Տուն են վերադառնալու, որովհետեւ միայն հայրենիքում կարելի է ամբողջական երջանկություն ունենալ: Վերջում խոսքս պետք է ուղղեմ նաեւ ձեզ, սիրելի հայրենակիցներ: Մենք հպարտանում ենք ձեզանով ու, համոզված եղեք, ըստ արժանվույն գնահատում ենք ձեր այն գործունեությունը, որի շնորհիվ հայ ժողովուրդը դառնում է ազդու քաղաքական գործոն Եվրոպայում: Շարունակեք ձեր արդյունավետ գործը, շարունակեք նպաստել, որ հզորանա հայ ժողովուրդը եւ Հայաստանի անկախ Հանրապետությունը: Միաժամանակ դարձեք ազդու գործոն մեր երկրի մեջ: Ձեր երկրի մեջ: Համոզված եղեք` մեր պայքարը ազնիվ է եւ բարի: Եվ համոզված եղեք` մեր պայքարը հաջողությամբ է պսակվելու: Եկեք սրտանց ու անկեղծորեն տոնենք այս տոնը:
Շնորհավոր Հայաստանի Անկախության 20-ամյակը: