կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-05 03:58
Տնտեսական

Շուկայական հարաբերությունների հայկական տարբերակը

Շուկայական հարաբերությունների հայկական տարբերակը

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

«Հայաստանում դեմպինգ ընդհանրապես գոյություն չունի, որովհետև եթե նայենք տերմինի սահմանմանը տնտեսականորեն, ապա այն կիրառվում է միայն արտաքին շուկայում: Ես դեմպինգը հասկանում եմ իր բառային նշանակությամբ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հընթացս «տնտեսագիտական հայտնագործություն» արեց Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Մինաս Եփրեմյանը: Սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանն զարմացած «հայտնագործությունից» կես-կատակ, կես-լուրջ հակադարձեց` «Իսկ կարելի՞ է «դեմպինգի» փոխարեն՝ «ոչ պարկեշտ մրցակցություն» անվանել»:

 

Փաստ է, որ երբ ամռանը ձվի գնի կտրուկ և աննախադեպ իջեցում գրանցվեց, փոքր ընկերություններից մի քանիսը չդիմացան և դուրս մնացին շուկայից:

 

«Ձու արտադրելը ամենաշահավետ բիզնեսներից է: Ուրիշ ոչ մի ապրանք այդքան կարճ ժամանակում չի վերադարձնի ձեր ներդրումները: Ինչ վերաբերում է ամռանը գրանցված ձվի ցածր գներին, ապա դա նորմալ կլիներ, եթե մի ձու արտադրող ձեռնարկությունը կուլ չգնար մյուսին»,- փաստեց Արմեն Պողոսյանը և նաև ավելացրեց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ճիշտ չվարվեց, երբ հավասարաչափ տուգանքներ սահմանեց դեմպինգի միջոցով շուկայում գերիշխող դիրք ձեռք բերած բոլոր ձեռնարկություններին, քանի որ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նման որոշումը պարգևատրում էր խոշոր ընկերություններին, իսկ փոքրերի համար` սննկացում:

 

Սակայն տուգանքի չափաբաժնից գոհ չէին հենց խոշոր ընկերությունները. Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկան մինչև օրս դեռ չի վճարել իր բաժին տուգանքը, գործը քննվում է դատարանում:

 

Չնայած այսօր Հայաստանից ձու չի արտահանվում՝ պահանջարկ չկա, բայց, ինչպես հավաստիացրեց Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի գլխավոր տնօրենը Ամանորին մի լումայով անգամ ձվի գինը չի թանկի, բայց նաև չի էլ նվազի:

 

Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի, ձու արտադրող ձեռնարկությունների ղեկավաներին նախագահականից հրահանգված է՝ ձվի գինը 50 դրամից չբարձրացնել:

 

Ահա այսպիսի հետաքրքիր շուկայական հարաբերություններ...