կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-17 15:08
Իրավական

«Դոլմամա»-ի տարածքի շուկայական արժեքի գնահատումը կասկածելի է

«Դոլմամա»-ի տարածքի շուկայական արժեքի գնահատումը կասկածելի է

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Դոլմամա» ռեստորանի տարածքն օտարելու վերաբերյալ հայցի քննությունը:

Հիշեցնենք, որ «Լոկալ դիվելոփըրզ» ընկերությունը թվով 4 հայցադիմում է ներկայացրել «Դոլմամա»-ի սեփականատեր Ժիրայր Ավանյանի:

Դատարանում Ժիրայր Ավանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանն ասաց, որ իրենց կողմից վիճարկվում է այս գործով փոխհատուցման չափը, կասկածի տակ է առնվում հայցվոր կողմի վարձած գնահատող ընկերության կողմից տրված եզրակացությունը, մասնավորապես` հայցադիմումի առարկա հանդիսացող տարածքները 2014թ. նոյեմբերի 21-ի դրությամբ գնահատվել են 56 մլն 700 հազար դրամ, այնուհետև 2015թ. ապրիլի 3-ի դրությամբ՝ 65 մլն 200 հազար դրամ:

«Գնի նման աճ չէր կարող տեղի ունենալ, հետևաբար, կասկածելի է, թե ինչ գնահատումներ են կատարվել»,- ասաց Տիգրան Աթանեսյանը՝ միջնորդելով այս գործով նշանակել դատաապրանքագիտական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին:

Նա միջնորդեց պարզաբանման համար փորձագետներին հղել հարց, թե որքա՞ն է կազմում տարածքների շուկայական արժեքը 2015թ. ապրիլի 3-ի և եզրակացությունը կազմելու պահի դրությամբ:

Հայցվոր «Լոկալ դիվելոփըրզ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այս քաղաքացիական գործը դատարանի վարույթում քննվում է նախորդ տարվա մայիս ամսից, կողմը զրկված չի եղել այդ ապացույցը ներկայացնելու հնարավորությունից: Այժմ գործը դատաքննության փուլում է, սակայն կողմը չհիմնավորեց, թե ինչով է պայմանավորված այդ ապացույցը չներկայացնելը:

Տիգրան Աթանեսյանը միջնորդեց նաև 3 քաղաքացիական գործերը միացնել մեկ վարույթում: «Լոկալ դիվելոփըրզ» ՍՊԸ-ի ներկայացուցիչն այս միջնորդությանը դեմ չառարկեց՝ նշելով, որ իրենք էլ են կարծում, որ գործերն անհրաժեշտ է միացնել մեկ վարույթում, դա կնպաստի արդարադատության արդյունավետությանը:

Տիգրան Աթանեսյանը միջնորդեց նաև գործով որպես երրորդ անձ ներգրավել «Դոլմամա» ՍՊԸ-ին: Ըստ փաստաբանի՝ գործ ունենք հասարակության կարիքների համար սեփականության օտարման գործընթացի հետ, և ըստ օրենքի՝ փոխհատուցման իրավունք ունեն ոչ միայն սեփականատերերը, այլև գույքային գրանցված իրավունք ունեցող սուբյեկտները:

Դատավորը ներկայացված միջնորդությունների վերաբերյալ որոշումներ կայացնելու պատճառաբանությամբ հետաձգեց գործի քննությունը: Կողմերին լրացուցիչ կտեղեկացվի դատական նիստի օրվա մասին: