կարևոր
433 դիտում, 11 րոպե առաջ - 2026-11-16 21:28
Քաղաքական

Պետություն-մասնավոր համագործակցությո՞ւն, թե՞ «խնամի-ծանոթ-բարեկամ»․ Պողոսյանը՝ Գմումրու ԲԿ-ի տնօրենի ժ/պ-ի նշանակման մասին

Պետություն-մասնավոր համագործակցությո՞ւն, թե՞ «խնամի-ծանոթ-բարեկամ»․ Պողոսյանը՝ Գմումրու ԲԿ-ի տնօրենի ժ/պ-ի նշանակման մասին

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․

«Պետություն-մասնավոր համագործակցությո՞ւն, թե՞ «խնամի-ծանոթ-բարեկամ»

Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անձամբ է այցելել «Գյումրի» բժշկական կենտրոն՝ աշխատակազմին ներկայացնելու բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գևորգյանին։

Նշանակումն ուշագրավ է մի քանի առումով։

Նախ՝ Դավիթ Գևորգյանը, թեև ծնունդով Շիրակի մարզից է, մասնագիտական գործունեությունը հիմնականում ծավալել է Երևանում։ Մինչ նշանակումը նա աշխատել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքում՝ որպես վիրաբույժ։

Այսպիսով, Արմեն Իսահակյանից հետո «Գյումրի» բժշկական կենտրոնի ղեկավարումը վստահվել է ոչ թե կառույցի ներսում երկար տարիներ աշխատած և համակարգին քաջատեղյակ մասնագետին, այլ Երևանից հրավիրված բժշկին։

Արդյո՞ք նորանշանակ պաշտոնյան նշանակվել է «Գյումրի» ԲԿ-ն կառավարելու համար, թե՞ նրա նշանակման հիմքում կան նաև «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների հետ կապված այլ նպատակներ։

Կամ գուցե նախարարը չափազանց բարձր է գնահատում «Էրեբունի» ԲԿ-ի շարքային վիրաբույժի կառավարչական փորձը, որի մասին, առնվազն հանրությանը, տեղեկություններ հայտնի չեն։

Իսկ գուցե այս նշանակման հարցում աշխատել է Խ-Ծ-Բ (խնամի-ծանոթ-բարեկամ) սկզբունքը։

Ժամանակը ցույց կտա։

Հ.Գ. Առողջապահության նախարարին խնդրում եմ հրապարակել նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գևորգյանի ամբողջական մասնագիտական կենսագրությունը՝ կրթության, մասնագիտական աշխատանքային ստաժի և կառավարչական փորձի վերաբերյալ տվյալներով, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա գնահատելու՝ արդյոք նրա նշանակումը համապատասխանում է օրենքով սահմանված պահանջներին և արդյոք պահպանվել են նշանակման համար անհրաժեշտ իրավական չափանիշները»։