|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.45 |
| EUR | ⚊ | € 405.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.3742 |
| GBP | ⚊ | £ 482.17 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Բժիշկ, ազատամարտիկ, ՀՅԴ անդամ, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական Միության նախկին անդամ Հայկազ Հարությունյանն անդրադարձել է ՆԱՈՒՄ-ի 36-ամյակին՝ գրելով․
«36 տարի՝ գաղափարի, պայքարի և նվիրումի ճանապարհով։
Կան ճանապարհներ, որոնք ընտրում ես երիտասարդ տարիքում, բայց որոնք հետագայում դառնում են քո ինքնության, աշխարհայացքի ու կյանքի անբաժանելի մասը։
Ինձ համար այդ ճանապարհներից մեկն սկսվեց 2017 թվականին՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունում։
2017–2023 թվականները պարզապես ուսանողական տարիներ չէին։ Դրանք գաղափարական ձևավորման, ընկերության, պատասխանատվության, պայքարի ու հասունացման տարիներ էին։ Տարիներ, որոնց ընթացքում սովորեցինք ոչ միայն խոսել մեր համոզմունքներից, այլև պատասխանատվություն ստանձնել դրանց համար։
Միության կազմում անցկացրած տարիներն ինձ սովորեցրին, որ կազմակերպական աշխատանքը միայն որոշումներ կայացնելը չէ, առաջնորդությունը՝ միայն առաջ գնալը չէ, իսկ ընկերությունը՝ միայն միասին ուրախանալը չէ։ Դրանք առաջին հերթին դժվար պահին կողք կողքի կանգնելու, պատասխանատվությունը կիսելու և սեփական անձից վեր արժեքներ ունենալու կարողությունն են։
Սակայն մեր սերնդին վիճակված էր նաև գաղափարական դաստիարակության ամենածանր քննությունը։
2020 թվականը փոխեց մեզ բոլորիս։
Պատերազմը մեզանից խլեց ընկերներ, երազանքներ ու երիտասարդության մի մասը։ Բայց այն նաև առավել խորացրեց այն գիտակցումը, որ հայրենասիրությունը գեղեցիկ խոսք չէ, իսկ հայրենիքին ծառայելը չի սահմանափակվում խաղաղ օրերի գործունեությամբ։
Այսօր, միության 36-ամյակի առիթով, առանձնահատուկ խոնարհումով եմ հիշում բոլոր այն ընկերներին, ովքեր հայրենիքի պաշտպանության ճանապարհին տվեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, ինչպես մեր քվագնսերունդը:
Նրանց չապրած տարիները նաև մեր պատասխանատվությունն են։ Նրանց կիսատ թողած երազանքները՝ մեր շարունակելիք գործը։
Ուսանողական կյանքս ավարտելուց հետո կազմակերպական ճանապարհս շարունակեցի կոմիտեական կառույցում։ Սակայն «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը երբեք ինձ համար չդարձավ պարզապես անցյալի հուշ։
Այն մնաց իմ գաղափարական տունը, ընկերության դպրոցը, այն միջավայրը, որտեղ սովորեցի հավատալ, պայքարել, սխալվել, ուղղվել և շարունակել։
Այսօր շնորհավորում եմ միության բոլոր սերունդներին՝ հիմնադիրներից մինչև մերօրյա անդամներ։ Հատկապես նրանց, ովքեր այսօր ստանձնել են միության ճանապարհը շարունակելու պատասխանատվությունը։
Թող նոր սերունդներն ավելի խաղաղ ու հաղթական ժամանակներում ապրեն, բայց երբեք չկորցնեն պայքարի ոգին, ազգային արժանապատվությունը և պատասխանատվությունը հայրենիքի ապագայի հանդեպ: Թող միությունը շարունակի լինել ոչ միայն գաղափարական կրթության, այլև ազատ մտածողության, ընկերության, ազգային գիտակցության և գործելու կամքի դարբնոց։
Ուսանողական տարիներն ավարտվում են, բայց գաղափարական ընկերությունն ու հայրենիքին ծառայելու պարտավորությունը չեն ավարտվում։
Շնորհավո՛ր 36-ամյակդ, սիրելի՛ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն։
Անցած ճանապարհի համար՝ երախտագիտություն
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն
Շարունակվող պայքարին՝ հավատարմություն։
Միշտ՝ հանուն ազատ, անկախ և միացյալ Հայաստանի»։