կարևոր
253 դիտում, 42 րոպե առաջ - 2026-10-16 11:59
Տարածաշրջան

Թուրքիան այս շաբաթ (12.10.26-16.10.26)

Թուրքիան այս շաբաթ (12.10.26-16.10.26)

Միջպետական- ԹԱՄԺ-ի նախագահ Նուման Քուրթուլմուշը Հռոմում հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահի հետ

Հռոմում գտնվող Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը հանդիպում է ունեցել Իտալիայի սենատի նախագահ Ինյացիո Լա Ռուսայի հետ։ Հանդիպման շրջանակներում քննարկվել են Թուրքիա-Իտալիա երկկողմ հարաբերությունները, Գազայում շարունակվող դեպքերը և Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացին առնչվող հարցեր։ Քուրթուլմուշը նշելով, որ Թուրքիայի համար ԵՄ անդամակցությունը ռազմավարական նպատակ է, պատրաստակամություն է հայտնել բոլոր ոլորտներում զարգացնել և ամրապնդել Թուրքիա-ԵՄ հարաբերությունները։ ԹԱՄԺ-ի նախագահը նաև հայտնել է, որ իր երկիրն Իտալիայի աջակցությունն է ակնկալում անդամակցության գործընթացում։

Փոքրամասնություններ- Աբդուլլահ Օջալանը ուղերձ է հղել Բրյուսելում տեղի ունեցած «ԵՄ-ն, Թուրքիան, Մերձավոր Արևելքը և քրդերը» կոնֆերանսին

Քրդական բանվորական կուսակցության առաջնորդներից Աբդուլլահ Օջալանն ուղերձ է հղել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կազմակերպված «ԵՄ-ն, Թուրքիան, Մերձավոր Արևելքը և քրդերը» խորագրով ամենամյա կոնֆերանսին։ Կոնֆերանսի կազմակերպիչներին և մասնակիցներին ուղղված իր ուղերձում Օջալանը ԵՄ-ին կոչ է արել ավելի կառուցողական կեցվածք որդեգրել Թուրքիայի ժողովրդավարացման և քրդական հիմնահարցի լուծման հարցերում։ Օջալանն ուղերձում նաև ընդգծել է, որ ինտերնացիոնալ աշխատանքները կարող են միավորել ժողովուրդների դեմոկրատական շրջանակներին և ուղի հարթել մի նոր ժողովրդավարության և սոցիալիզմի պարադիգմայի առջև։

Թուրքիա-Ադրբեջան- Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ անթույլատրելի է երկպառակության սերմեր ցանել Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերություններում

Թուրքիայի ազգայնամոլական՝ Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին գրավոր հայտարարությամբ հանդես գալով Թյուրքական պետությունների կազմակերպության Թուրքիայի նախագահության մասին՝ անդրադարձել է վերջերս Թուրքիայի և Ադրբեջանի միջև նկատվող հարաբերությունների լարվածության թեմային։ Նա մասնավորապես շեշտել է, որ որևէ երկպառակության սերմ անթույլատրելի է երկու եղբայրական պետությունների հարաբերություններում։ Նա նաև ընդգծել է, որ այս ժամանակաշրջանում, երբ աշխարհում արագացել են քաղաքական, տնտեսական և ռազմաքաղաքական զարգացումները, Թյուրքական պետությունների կազմակերպության հասած մակարդակը մեծ նշանակություն է կրում թյուրքական աշխարհի ապագայի տեսանկյունից։

Տնտեսական- Թուրքիայի Գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը հայտարարել է, որ տարեկան գնաճում զգալի իջեցում է նկատվել

Թուրքիայի Գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը հայտարարել է, որ Թուրքիայի տարեկան գնաճում զգալի իջեցում է նկատվել։ Նա մասնավորապես ասել է․ «2021 թ․ ի վեր գնաճն իջել է առավել քան 30 տոկոսով։ Ապագնաճային գործընթացն արագ տարածվում է՝ բացառությամբ տրանսպորտի ոլորտի, տարածվում: Սեպտեմբերին սննդամթերքի գնաճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 8,4 տոկոսով՝ կազմելով տարեկան 27,6 տոկոս: Մեր կարգավորումների շնորհիվ կրթության ոլորտում գնաճը նվազել է տարեկան 17,5 տոկոսով՝ հասնելով 48,6 տոկոսի: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 27,8 տոկոսով նվազած վարձակալության տարեկան գնաճն իջել է մինչև 41,3 տոկոս»:

Պատրաստեց Մելինե Անումյանը

www.akunq.net