կարևոր
580 դիտում, 51 րոպե առաջ - 2026-10-12 18:27
Քաղաքական

Վարդևանյանը երախտագիտություն է հայտնել ԵԽ-ին ընդունած բանաձևի համար, որով կոչ է արվում ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին

Վարդևանյանը երախտագիտություն է հայտնել ԵԽ-ին ընդունած բանաձևի համար, որով կոչ է արվում ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Ողջունելով հյուրին՝ Արամ Վարդևանյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ։ Դեսպանը ևս համոզմունք է հայտնել, որ համագործակցությունը կլինի արդյունավետ։

ԱԺ նախագահի տեղակալը երախտագիտություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին ընդունած բանաձևի համար, որով կոչ է արվում նաև անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։

Նա բարձր է գնահատել ԵՄ-ի և պատվիրակության ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերի ուղղությամբ։ Արամ Վարդևանյանն ընդգծել է, որ հայ հասարակությունը կարևորում է եվրոպական արժեքները՝ վերահաստատելով վստահությունը եվրոպական ինտեգրման գործընթացի նկատմամբ և այն որակել առաջնահերթություն։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ ԱԺ փոխնախագահը դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և իրավունքի գերակայության առջև առկա մարտահրավերները։ Անդրադարձ է կատարվել տնտեսական, օրենսդրական, խորհրդարանական համագործակցությանը։