կարևոր
553 դիտում, 46 րոպե առաջ - 2026-10-09 15:57
Աշխարհ

Ուրանալ հերոսին կամ մի նամակի հետքերով․ Արթուր Խաչատրյան

Ուրանալ հերոսին կամ մի նամակի հետքերով․ Արթուր Խաչատրյան

Հերոսների կյանքի ու սխրանքների պատմությունը հայտնի է հերսածին ազգին, նրանց նկարները կարելի է տեսնել հասարակական վայրերում, կրթական հաստատություններում, դասագրքերում։ Նրանց մասին երգեր են ձոնում, նրանց անունով երեխաներ ու դպրոցներ են անվանակոչում։ Ազգը պետք է հիշի հերոսներին, հպարտանա իր հերոսներով, հերոսների օրինակով նոր հերոսներ դաստիարակի։ Հերոսության մարդկայնացումը, անձնավորումը հերոսին դարձնում են փարոս, իդեալ, քաջության մարմնավորում։ Պատահական չէ, որ նիկոլական իշխանություններն այդպես են չհրապարակեցին պատերազմում կռված ու անմահացած մեր հերոսների անունները։ Անունները չհրապարակելը ընկած հերսներին պոկում է ազգային հավաքականությունից, նրանց դարձնում է զուտ հարազատների ու ընկերների հերոսներ,․․․ ու նաև քողարկում է ազգին պատուհասած ցավն ու ողբերգությունը։ Հերոս չունեցող (նույնն է թե իր հերոսներին մոռացած) ազգը դատապարտված է վիզը ծուռ, վախեցած ապրելուն և, վերջիվերջո, անփառունակ պատմության վերածվելու․․․․

Արցախյան առաջին պատերազմը բազմաթիվ հերասներ է տվել՝ Պետո, Բեկոր Աշոտ, Դուշման Վարդան, Շահեն Մեղրյան, Մոնթե, Լեոնիդ Ազգալդյան և տասնյակ, հարյուրավոր մեր այլ հայրենակիցներ։ Նրանց անունները հայտնի են։ Նախորդ բոլոր իշխանություններն ամեն ինչ արել են հերոսների սխրանքները մեր սրտերում և ուղեղներում վառ պահելու համար։

Հայտնի են նաև Ապրիլյան քառօրյայի հերոսները՝ Ադամ Սահակյան, Ռոբերտ Աբաջյան, Արմենակ Ուրֆանյան, Քյարամ Սլոյան և էլի շատերը

Իսկ հիմա փորձենք հիշել 2020 - 23 թթ․ պատերազմների հերոսներին։ Յուրաքանչուրս գիտենք մեր զոհված ազգականի, ընկերոջ անունը, տեսնում ենք շենքերին պատերին նրանց նկարները, ժամանակի ընթացքում խամրող նկարները։ Բայց արդյոք պետությունը բավարար ջանքեր է գործադրե՞լ հանրայնացնելու նրանց սխրանքը, ծանոթացնելու երկրի քաղաքացիներին իր հերոսների հետ, արդյոք նրանց նկարները փակցվա՞ծ են զորամասերում ու դպրոցներում։ Իշխանությունները համատարած բլոկադայի են ենթարկել պատերազմի ժամանակ գործած սխրանքները, հերոսներին, ովքեր իրենց կյանքն են զոհել «յուր ազգի ազատության», իրենց ընկերների համար։ Պատերազմի մասին իշխանությունները չեն խոսում, իսկ եթե խոսում են էլ, ապա հիմնականում պատերազմի ու պատերազմում պարտության անխուսափելիության, և «նախկիններին» ու զինվորական հրամանատարությանը սևացնելու համար։ Եթե խոսեն, կարող է Ալիև ձաձան ջղայնանա, թե բա օպուպանտներին ինչպե՞ս հանդգնեցիք հերոսացնել։ Հետո էլ մեր հայրենակիցները կարող են հարցնել․ «Նման հերոսներով ինչպե՞ս ստացվեց, որ պարտվեցինք»։ Եվ իշխանություններն ուրանում են հերոսներին, նրանց փորձում են մոռացության մատնել։ Վերանում են փառքի անկյունները, հերոսների լուսանկարները, նրանց ձոնված երգերն այլևս հանրային հեռուստատեսությամբ չեն հեռարձակում (կամ շատ քիչ են հեռարձակում)։

Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած ընդամենը մի քանի հերոս կարողացավ ճեղքել իշխանությունների տեղեկատվական շրջափակումը։ Նրանցից մեկն Ալբերտ Հովհաննիսյանն էր, ով դարձավ անհատական հերոսությունների հավաքական կերպարը։ Վերջերս Ալբերտի նկարը ջնջեցին Հաղթանակի զբոսայգու պատից․․․․ Սկզբից նկարը․․․․ աչքից հետու՝ սրտից դուրս․․․․ Երեխաները նկարը չեն տեսնի, չեն հարցնի․ «Պապ, էս զինվորն ո՞վ ա, ի՞նչ արել»։ Ու հերոսի մասին պատմությունը սերնդեսերունդ չի փոխանցվի։ Հասկանում ենք, թե ինչ կկատարվի, եթե հերոսների ուրացման, հերոսության ապա-անձնավորման քաղաքականությունը չկանխվի։

Ինչու՞ որոշեցի այս գրառումն անել։ Վերջերս Ազգային ժողովի էլեկտրոնային հասցեիս մի նամակ ստացա։ Հեղինակը, ով որպես զինծառայող էր ներկայանում, գրել է․ «Ալբերտ Հովհաննիսյանի անունը և նրա՝ հրետանու կրակի պահին արված լուսանկարը լայնորեն տարածվեց և դարձավ 2020 թվականի պատերազմի ամենահայտնի պատկերներից մեկը։ (....) Հասկացանք՝ այդ լուսանկարը այդ օրերին ուժեղ հուզական ազդեցություն ունեցավ բոլորիս վրա։ Բայց բավական է շահարկել։» Բայց բավական է շահարկել!!!!! «Զինծառայողը» հարց է տալիս․ «Ո՞րն է (Ալբերտ Հովհաննիսյանի) «բացառիկ» և «մասնագիտական սխրանքը»։ Նամակից էլի մի քանի մեջբերում անեմ․ «Մի լուսանկար կարող է հուզել հազարավոր մարդկանց։ Մի զինծառայողի մահը կարող է ազգային ցավի խորհրդանիշ դառնալ։ Բայց հասարակական հուզմունքը պարգևատրման չափանիշ չէ: (...) Հերիք է էմոցիաներից չափանիշներ կառուցել։ Հերիք է մեկ լուսանկարից պատմական գնահատական ստեղծել։ Ոչ թե այն մասին, թե ով որքան է հուզել հանրությանը, այլ այն մասին, թե ով կոնկրետ ինչ է արել։»։ Ամբողջ նամակը ներկայացնելու իմաստ չունի, բայց իմաստն այն էր, որ Ալբերտը շարքային զինվորական է, մասնակցել է պատերազմին, զոհվել է, շատերն են զոհվել։ Փառք բոլոր նահատակներին, բայց Ալբերտ Հովհաննիսյանը հերոս չի։ Եթե ասում եք, որ հերոս է, ասեք, թե ի՞նչ հերոսություն է արել։ Սկզբից ջնջեցին Ալբերտի նկարը, հիմա, քիչ-քիչ հարցական են դնում նրա հերոսությունը․․․

Կրկնեմ․ 2020-23 թթ․ պատերազմների շատ քիչ հերոսների անուններ են հանրությանը հայտնի, զոհերի ցանկը նույնիսկ հրապարակված չէ։ Հանրությունը մի քանի հերոսի մեջ տեսնում է մնացած բոլոր հերոսներին։ ՈՒ հանկարծ հայտնվում է մեկը, ով պարզ ու անազնիվ սոփեստություն կիրառելով փորձում է ստվերել այն քչերից մեկին, ով դարձել է «անիծյալ պատերազմների» մեր բոլոր հերոսների հավաքական կերպարը․․․․․

 

Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար