|
Փոխարժեքներ
30 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշում է Աստվածամոր սուրբ գոտու գյուտը՝ մի նշան, որը դարեր շարունակ քրիստոնյաների համար եղել է Աստվածամոր սիրո, մայրական հոգածության և երկնային մխիթարության խորհրդանիշը, նշում է Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։
«Նույն օրը մեզ առաջարկվող Ավետարանական ընթերցվածքը պատմում է ծովում բռնկված փոթորկի մասին։ Քրիստոս Իր աշակերտների հետ նավի մեջ է, սակայն հանկարծ ուժեղ փոթորիկ է բարձրանում, ալիքները լցվում են նավը, իսկ Հիսուս քնած է։ Աշակերտները վախով արթնացնում են Նրան և ասում. «Վարդապե՛տ, քեզ հոգ չէ՞, որ կորչում ենք»։
Այս հարցը միայն աշակերտների հարցը չէ։ Այն շատ հաճախ մեր հոգու հարցն է Աստծուն։
Երբ հիվանդությունը, կորուստը, անորոշությունը, միայնությունը կամ կյանքի որևէ ծանր փորձություն բարձրացնում են իրենց ալիքները, մենք նույնպես երբեմն ասում ենք. «Տե՛ր, քեզ հոգ չէ՞»։
Բայց Քրիստոսի լռությունը երբեք անտարբերություն չէ։
Նա նավի մեջ էր։
Եվ գուցե հենց սա է այսօրվա Ավետարանի ամենախոր պատգամը. Աստծո ներկայությունը չի նշանակում, որ մեր կյանքում փոթորիկներ չեն լինելու։ Աստծո ներկայությունը նշանակում է, որ փոթորկի մեջ մենք մենակ չենք լինելու։
Քրիստոս կանգնում է, սաստում քամուն և ասում ծովին՝ «Լռի՛ր, հանդարտվի՛ր»։ Եվ բնությունը հնազանդվում է Իր Արարչին։
Սակայն այստեղ Ավետարանը մեզ մեկ այլ, ավելի խոր հարց է տալիս. իսկ ի՞նչ կլինի, եթե Աստված անմիջապես չհանդարտեցնի մեր փոթորիկը։
Գուցե երբեմն Աստված նախ ուզում է հանդարտեցնել ոչ թե ծովը, այլ մեր սիրտը։
Որովհետև արտաքին փոթորիկը կարող է վերջանալ, իսկ ներքին փոթորիկը շարունակվել։ Մարդը կարող է հայտնվել հանգիստ ափին, բայց իր հոգու մեջ դեռ փոթորկոտ մնալ։ Իսկ Քրիստոսի նպատակը միայն մեզ վտանգից դուրս բերելը չէ. Նա ցանկանում է մեզ հասցնել այն խաղաղությանը, որտեղ մենք կարող ենք վստահել Իրեն նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ ալիքներ կան։
Այս իմաստով Աստվածամոր սուրբ գոտին նույնպես դառնում է գեղեցիկ խորհրդանիշ։ Գոտին մարդու հագուստը կապող, հավաքող և ամրացնող նշան է։ Իսկ հոգևոր կյանքում մեզ նույնպես անհրաժեշտ է մի բան, որը կկապի մեր ցրված սիրտը, կվերադարձնի մեզ Աստծուն և կպահի մեզ չքայքայվելուց։
Աստվածամոր գոտու խորհուրդը մեզ հիշեցնում է, որ հավատքը պարզապես երկնքին նայելը չէ։ Հավատքը նաև Աստծո ձեռքին բռնվելն է։
Երբ կյանքը փոթորկվում է, երբ մեր նավը կարծես ջրով է լցվում, մեզ անհրաժեշտ է ոչ միայն խնդրել, որ ալիքները դադարեն, այլև սովորել ասել.
«Տե՛ր, եթե Դու նավի մեջ ես, ես չեմ կորչի»։
Մեր կյանքի ամենամեծ ողբերգությունը փոթորիկը չէ։ Ամենամեծ վտանգը այն է, երբ փոթորկի մեջ մոռանում ենք, որ Քրիստոս մեզ հետ է։
Թող այսօր Աստվածամոր սուրբ գոտու հիշատակը մեզ հիշեցնի երկնային մայրական մխիթարության մասին, իսկ Մարկոսի Ավետարանը՝ Քրիստոսի ներկայության մասին։
Եվ երբ մեր կյանքի ծովում նորից փոթորիկ բարձրանա, թող մեր սրտում հնչի ոչ թե վախի, այլ հավատքի ձայնը.
«Տե՛ր, ես չեմ հասկանում այս փոթորիկը, բայց վստահում եմ Քեզ, որովհետև Դու իմ նավի մեջ ես»։
Եվ երբ Քրիստոս մեր սրտում խաղաղություն հաստատի, գուցե հասկանանք, որ երբեմն հրաշքը ոչ թե այն է, որ փոթորիկը դադարում է, այլ այն, որ փոթորկի մեջ մեր սիրտը սովորում է չվախենալ»,- նշել է Տեր Հեթումը։