կարևոր
859 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-21 17:47
Հասարակություն

ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Ամատունի․ Սպուտնիկ

ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Ամատունի․ Սպուտնիկ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պատրաստ է իր մարդասիրական առաքելության շրջանակում հանդես գալ որպես չեզոք միջնորդ՝ Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` հավելով, որ պետք է լինի համապատասխան դիմում և հարցը համաձայնեցվի ներգրավված կողմերի հետ։

«Դիմելու և ներգրավված կողմերի հետ համաձայնեցման դեպքում ԿԽՄԿ-ն իր առաքելության շրջանակում պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ»,– ասաց Ամատունին։

ԿԽՄԿ ներկայացուցիչ խոսքով՝ ԿԽՄԿ-ն իր մանդատի շրջանակում շարունակում է ադրբեջանական իշխանությունների հետ երկխոսությունը մարդասիրական հարցերի, մասնավորապես՝ անհետ կորած և պահվող անձանց խնդիրների շուրջ։

«Ադրբեջանում ԿԽՄԿ պատվիրակության բացակայության պատճառով երկխոսությունն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գլխավոր գրասենյակի մակարդակով»,– նշեց Զառա Ամատունին։

Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։

Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: