Միասին կարող ենք
կարևոր
487 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-18 11:32
Հասարակություն

Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում

Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում

«Այս տարվա Թանգարանների միջազգային օրվա պաշտոնական խորագիրն է՝ «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը»։ Սակայն այդ միավորող առաքելությունը կարող է լիարժեք իրագործվել միայն այն դեպքում, երբ միջազգային հանրությունը գործնականորեն արձագանքի այն իրավիճակներին, որտեղ մշակութային ժառանգությունը գտնվում է համակարգված ոչնչացման և ամբողջական կորստի վտանգի տակ՝ ինչպես ներկայումս Արցախում»,- նշում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։

Յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին աշխարհում նշվում է Թանգարանների միջազգային օրը՝ որպես կարևոր միջազգային հարթակ, որի նպատակն է ընդգծել թանգարանների դերը հասարակությունների կրթական, գիտական և մշակութային զարգացման գործընթացներում, ինչպես նաև՝ մարդկության մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրության և հանրահռչակման գործում։ Այս նախաձեռնությունը հաստատվել է 1977 թվականի մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) 11-րդ գլխավոր համաժողովի ընթացքում, իսկ 1978 թվականից ի վեր այն նշվում է աշխարհի ավելի քան 150 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։

«Առանձնահատուկ մտահոգության առարկա է բռնազավթված Արցախում ստեղծված իրավիճակը, որտեղ Ադրբեջանի կողմից իրականացվող պետական քաղաքականության հետևանքով Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է լիակատար և համակարգված ոչնչացման, աղավաղման և յուրացման իրական ու շարունակական վտանգի տակ։ Այս գործընթացները վտանգում են ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության անփոխարինելի արժեքներ։

Արցախը՝ հազարամյակների պատմություն ունեցող և համաշխարհային քաղաքակրթության կարևորագույն օջախներից մեկը, երկար տարիներ ակտիվորեն մասնակցել է Թանգարանների միջազգային օրվան՝ կազմակերպելով ցուցահանդեսներ, գիտաժողովներ, կրթական և մշակութային ծրագրեր, որոնց նպատակն էր ներկայացնել տարածաշրջանի բացառիկ պատմամշակութային ժառանգությունը։ Արցախի թանգարաններն ու մշակութային հաստատությունները եղել են ոչ միայն հիշողության պահպանման կենտրոններ, այլև գիտական ուսումնասիրությունների և մշակութային ինքնության պահպանման առանցքային հենասյուներ։

2023 թվականի իրադարձություններից հետո Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ՝ իրենց հնագիտական, պատմական, ազգագրական և գեղարվեստական բացառիկ նմուշներով, հայտնվել են գոյաբանական սպառնալիքի պայմաններում։ Այսօր դրանք զրկված են բնականոն գործունեությունից, իսկ դրանց հավաքածուները կանգնած են ամբողջական ոչնչացման, ապամոնտաժման, կեղծման և նպատակային յուրացման բարձր ռիսկի ներքո։

Արցախի մշակութային ժառանգությունը, որն ունի ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեք, ենթարկվում է համակարգված քաղաքականության, որի նպատակը պատմական հիշողության խեղաթյուրումն է, մշակութային ինքնության ջնջումը և պատմաճարտարապետական արժեքների վերագրումը կամ ֆիզիկական ոչնչացումը։ Այս իրավիճակը պահանջում է միջազգային հանրության առավել հետևողական և հասցեական ուշադրություն՝ որպես մշակութային ժառանգության պաշտպանության հրատապ խնդիր։

Այս պայմաններում Թանգարանների միջազգային օրը պետք է դիտարկվի ոչ միայն որպես խորհրդանշական տոն, այլև որպես միջազգային հանրության համար պատասխանատվության օր՝ ուղղված մշակութային ժառանգության պաշտպանության, վտանգների բարձրաձայնման և կանխարգելման գործողությունների խթանմանը»։

2026 թվականը հոբելյանական է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) համար․ կազմակերպությունը նշում է իր հիմնադրման 80-ամյակը՝ ութ տասնամյակ շարունակ միավորելով համաշխարհային թանգարանային հանրույթը և նպաստելով մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը։