Միասին կարող ենք
կարևոր
1021 դիտում, 52 րոպե առաջ - 2026-05-09 21:50
Հասարակություն

Պատերազմի վերջին ողջ վկան Ջավախքում` 102֊ամյա վետերան Ներսես Սիմոնյանը

Պատերազմի վերջին ողջ  վկան Ջավախքում` 102֊ամյա վետերան Ներսես Սիմոնյանը

«Ջավախեթի Ջորջիա» հարթակը հետաքրքիր տեղեկություններ է հրապարակել Հայրենական Մեծ պատերազմի վերջին ողջ մնացած վետերանի՝ 102-ամյա Ներսես Սիմոնյանի մասին, որն ապրում է Ջավախքում՝ Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում.

«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել․

​Հեշտիա, Ջավախք - Կան օրեր, որոնք պատմության մեջ մնում են ոչ թե որպես սովորական ամսաթիվ, այլ որպես հոգու պարտքի կատարման և հավերժական հիշատակի խորհրդանիշ։ 2018 թվականի օգոստոսի 12-ը հենց այդպիսի օր էր յուրաքանչյուր հեշտիացու համար։

​73 տարվա անորոշությունից ու սպասումից հետո, Հայրենական մեծ պատերազմում զոհված 213 հեշտիացիների հոգիները վերջապես խաղաղություն գտան հայրենի հողում։ Այս բացառիկ ու հուզիչ նախաձեռնության հեղինակը գյուղի ամենատարեց բնակիչն էր՝ վաստակավոր մանկավարժ և պատերազմի վերջին ողջ մնացած վկան՝ այսօր արդեն 102-ամյա վետերան Ներսես Հովհաննեսի Սիմոնյանը։​

​Ընկեր Սիմոնյանը, չնայած պատկառելի տարիքին, անցել էր հազարավոր կիլոմետրեր՝ այցելելով Ռուսաստանի Դաշնության Կերչ, Նովոռոսիյսկ և Սևաստոպոլ քաղաքների եղբայրական գերեզմանատները։ Նա գտել էր իր համագյուղացիների անունները, արձանագրել դրանք և յուրաքանչյուրի շիրիմից մի բուռ հող հավաքելով՝ բերել հայրենի Հեշտիա։

​Այդ սուրբ մասունքը զետեղվեց գյուղի հպարտությունն ու հիշատակը հավերժացնող «Ջոջ Քար» հուշարձանի մոտ։ Տեր Անտոն քահանա Անտոնյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ, և հեռավոր ափերից բերված հողը խառնվեց մայր հողին։

​«Փա՛ռք Ձեզ, հարգարժան ընկեր Սիմոնյան։ Ձեր վարձքը կատարյալ լինի հայրենիքի և նահատակված ընկերների առջև ունեցած այս անգնահատելի սխրանքի համար»։

​Այսօր Հեշտիայում պատերազմի դաշտերից չվերադարձած զինվորների հիշատակն այլևս միայն քարե արձան չէ. նրանք իրականում վերադարձել են տուն՝ հանգչելու իրենց նախնյաց կողքին»։