Միասին կարող ենք
կարևոր
775 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-17 00:02
Սպորտ

Մեսսին իսպանական ակումբ է գնել

Մեսսին իսպանական ակումբ է գնել

Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ձեռք է բերել իսպանական 5-րդ դիվիզիոնը ներկայացնող «Կոռնելիա» ֆուտբոլային ակումբը: Ինչպես փոխանցում է Armsport-ը, այս մասին պաշտոնապես հայտնում է Բարսելոնա նահանգը ներկայացնող թիմի մամուլի ծառայությունը։

««Կոռնելիան» հպարտությամբ հայտարարում է, որ արգենտինացի ֆուտբոլիստ, «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լեո Մեսսին պաշտոնապես ձևակերպել է ակումբի գնման գործարքը՝ դառնալով Բաշ Լյոբրեգատ շրջանը ներկայացնող թիմի նոր սեփականատերը։

Այս քայլն ամրապնդում է Մեսսիի սերտ կապը Բարսելոնայի հետ և նրա հանձնառությունը՝ զարգացնելու սպորտը և տեղական տաղանդներին Կատալոնիայում: Սա կապ է, որը ծնվել է դեռևս «Բարսելոնայում» նրա ելույթների տարիներին և պահպանվում է մինչ օրս»,- ասված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

Ակումբը հիմնադրվել է 1951 թվականին:

«Կոռնելիայի» ակադեմիայով են անցել բազմաթիվ հայտնի ֆուտբոլիստներ, որոնց թվում են Ժորդի Ալբան, Կեյտա Բալդեն, Դավիդ Ռայան, Խերարդ Մարտինը, Խավի Պուադոն և Այտոր Ռուիբալը:

Ընթացիկ մրցաշրջանում թիմը 30 տուրից հետո վաստակած 55 միավորով զբաղեցնում է Իսպանիայի հինգերորդ դիվիզիոնի 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:

38-ամյա արգենտինացին 2023 թվականից հանդես է գալիս ամերիկյան MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամիում»։ Նախկինում՝ 2003-ից 2021 թվականներին, Մեսսին պաշտպանել է «Բարսելոնայի» գույները՝ դառնալով Իսպանիայի տասնակի չեմպիոն, երկրի յոթակի գավաթակիր, ինչպես նաև կատալոնական ակումբի հետ չորս անգամ հաղթելով Չեմպիոնների լիգայում: