|
Փոխարժեքներ
12 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.73 |
| EUR | ⚊ | € 440.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.8644 |
| GBP | ⚊ | £ 504.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.4 |
«Հայաստանի այսօրվա խնդիրը միայն Հայաստանում ապրողներինը չէ, այն համազգային ու համահայկական է․ պետք է ջանքերը կենտրոնացնել հակահայ ռեժիմից ազատվելու համար»,- Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ Փարիզում մեկնարկել է Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովը, որը միտված է վերջին տարիներին հայությանը ցնցած աննախընթաց տագնապներին և մարտահրավերներին դիմակայելուն։
Խորհրդաժողովի նպատակն է հավաքաբար քննարկել իրավիճակը, զորաշարժի ենթարկել Սփյուռքը՝ ձևավորելով միասնական ու նպատակաուղղված դիրքորոշում՝ ի պաշտպանություն և հզորացում Հայաստանի պետության, հայկական սփյուռքի և, առհասարակ, հայկական ազգային շահերի ու Հայ դատի։
Խորհրդաժողովը համախմբել է ավելի քան 25 երկրից շուրջ 150 ներկայացուցիչների, այդ թվում՝ համայնքային առաջնորդների, կազմակերպությունների պատասխանատուների, հանրային-քաղաքական գործիչների, գիտնականների, մասնագետների, գործարարների և երիտասարդների։
Օրակարգի առանցքային կետերն են՝
• Սփյուռքի ռազմավարական դերն ազգային հիմնախնդիրների լուծման գործում և քաղաքական օրակարգը.
• Ազգային արժեքների և Հայոց եկեղեցու կարեւորությունը Սփյուռքում՝ հայկական ինքնության պահապանման առումով․ նոր իրավիճակի մարտահրավերները.
• Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հիմնահարցեր և հորիզոններ, Սփյուռքն իբրեւ հայկական աշխարհի փափուկ ուժի բաղադրիչ.
• Սփյուռքի զորաշարժ և վերաշխուժացում՝ հանուն համահայկական նպատակների։
Ավարտին խորհրդաժողովը աշխարհասփյուռ հայությանը կդիմի կոչ- հայտարարությամբ, որին կհաջորդեն քաղաքական, տեղեկատվական, համայնքային և այլ նախաձեռնություններ։