կարևոր
736 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-31 13:03
Աշխարհ

Պենտագոնն ու Սպիտակ տունը Իրանի վրա հարձակվելու ծրագրեր են ներկայացրել

Պենտագոնն ու Սպիտակ տունը Իրանի վրա հարձակվելու ծրագրեր են ներկայացրել

Պենտագոնն ու Սպիտակ տունը Իրանի դեմ ռազմական գործողության տարբերակներ են մշակել։ Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ ամերիկյան կողմին ներկայացվել են հարձակման հնարավոր սցենարները, որոնք մշակվել են Սպիտակ տան և Պենտագոնի համակարգման միջոցով: Դրանց թվում է այսպես կոչված «խոշոր պլանը», որը նախատեսում է լայնածավալ ռմբակոծություններ Իրանի պետական, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օբյեկտներին։

Միաժամանակ դիտարկվում են նաև ավելի սահմանափակ տարբերակներ, որոնք ենթադրում են հարվածներ իրանական իշխանությունների խորհրդանշական օբյեկտներին։ Ինչպես նշում է թերթը, նման սցենարները հետագա էսկալացիայի հնարավորություն են թողնում, եթե Իրանը հրաժարվի գործարք կնքելուց։

Հիշեցնենք` հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։