կարևոր
259 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-28 12:52
Հասարակություն

6 ամսով կարգելվի ցեմենտի ներմուծումը

6 ամսով կարգելվի ցեմենտի ներմուծումը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր (6 ամսով) սահմանափակում կիրառեց, նաեւ սահմանեց ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը:

Հիմնավորման մեջ նշված է, որ այս որոշումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:

Նշենք, որ ցեմենտի ներմուծման  6-ամյսա արգելք էր սահմանվել նաեւ այս տարվա մայիսին, որի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։

Մասնավորապես՝ 2023-ին ՀՀ-ում արտադրվել է 1.14 մլն տոննա ցեմենտ, ինչը 13.1%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

2023-ին աճել է նաև կլինկերի ներմուծումը՝ կազմելով 125.2 հազար տոննա (աճը՝ 19.2%), ինչպես նաև աճ է արձանագրվել ցեմենտի ներմուծման վիճակագրությունում, որը կազմել է շուրջ 270 հազար տոննա (աճը՝ 3.5 անգամ):

Ընդ որում, հարկ է նշել, որ կլինկերի ներմուծման պետական տուրքի չեղարկումը և ցեմենտի ներմուծման պետական տուրքի նվազեցումը նպաստել են կլինկերի և ցեմենտի ներմուծման շուկաների դիվերսիֆիկացմանը։ Մասնավորապես, 2023 թվականին ցեմենտ է ներմուծվել նաև Վրաստանիցև ՌԴ-ից։

2024-ի հունվար-հուլիս ամիսներին դարձյալ աճել է ցեմենտի ներմուծումը, կազմելով 305.1 հազար տոննա։ 2024-ի 7 ամիսներին ցեմենտի ներմուծման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ աճել են 3.6 անգամ, ինչը բացատրվում է մաքսային սահմանին իրանական ցեմենտի գնի նվազմամբ, որն իր հերթին, հետևանք է Իրանի կողմից ցեմենտ արտադրողներին պետական աջակցության տրամադրմամբ։

Դրա հետ մեկտեղ նույն պատճառներից ելնելով նվազել է տեղական ցեմենտի արտադրությունը։ 2024 թվականի 1-ին կիսամյակում այն կազմել է 485.9 տ., նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրելով անկում 31.6%-ով:

Նշված պարագայում էլ ավելի է նվազել տեղական ցեմենտի մրցունակությունը, ինչի արդյունքում՝ վատթարացել է նաև տեղական ցեմենտ արտադրողների ֆինանսական վիճակը։

Սույն նախագծի ընդունումը կնպաստի տեղական ցեմենտ արտադրողների և ներմուծողների միջև առողջ մրցակցությանը։