կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-17 15:20
Առանց Կատեգորիա

Խրոնիկ ''ժառանգականություն''

Խրոնիկ ''ժառանգականություն''

Ընդունելով նշանակումը՝ ընդունում ես նշանակողի լեգիտիմությունը՝ օրինակարգ լինելը. ինչպես կասեր Լևոն Տեր-Պետրոսյանը: Նույն Լևոն Տեր-Պետրոսյանը, անտարակույս, ընդունում էր Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը և այդ պատճառով էլ երկխոսում էր Սերժ Սարգսյանի հետ, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի նշանակած մարդկանց հետ: Արդեն հաջորդ նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի լեգիտիմությունն ընդունեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ոչ միայն հյուրընկալվեց նախագահական պալատում, այլև նախագահին պաշտոնների մի ամբողջ ցանկ ներկայացրեց, որպեսզի իր կողմից շատ հարգված պարոն Սերժ Սարգսյանն այդ պաշտոններում մարդ նշանակելու իրավունք տա իրեն՝ Րաֆֆի Հովհաննիսյանին:

 

Բնական հարց է առաջաում՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չէր ընդունում Սերժ Սարգսյանի հաղթանակն ու լեգիտիմությունը, ապա ինչո՞ւ իր այդ պահանջագիրը չէր ներկայացնում, ասենք՝ Մադագասկարի իշխանություններին: Եվ վերջապես, ինչպե՞ս կարելի է չընդունել Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, բայց կես ժամ անց Ծիծեռնակաբերդում մոմ վառել Սերժ Սարգսյանի նշանակած և նրա հրամանները կատարող զորավար-ոստիկանապետի հետ: Նաև այսպիսի մի հարցադրում՝ այդ ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ընդունում Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, երբ հայտնի է, որ անձամբ Սերժ Սարգսյանն ընդունել և ընդունում է Րաֆֆի Հովհաննիսյանի լեգիտիմությունը` որպես անցյալ նախագահական ընտրություններում իր երեսը պարզ արած` խիստ մրցակցային թեկնածուի:

 

Կարծում ենք՝ ասվածը բավարար է «Ժառանգության» ղեկավարի համար, որպեսզի Վահան Հովհաննիսյանի` այս կամ այն որոշման մասին կարծիքներ հայտնելուց առաջ մի փոքր մտածի, հետո խոսի, մանավանդ, որ Վահան Հովհաննիսյանն իր նման՝ ժողովրդի առաջ երդված և տուն գնացած նախագահ չէ: Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ պետք է հիշի, որ իրեն այսօր առնվազն 500 հազար մարդ հայհոյում է և դա անում է իր լեգիտիմ ընտրության արդյունքը Սերժ Սարգսյանի հետ համախորհուրդ քամուն տալու համար:

 

Բայց շատ չծավալվենք: Այսօր ունենք այն, ինչ ունենք: Եվ ճիշտ չէր վարվի Վահան Հովհաննիսյանը, եթե ոմանց նման (օրինակ՝ Րաֆֆիի), մի կողմից ընդուներ եղածի լեգիտիմությունը, իսկ մյուս կողմից` հայտարարեր այդ լեգիտիմությունը չընդունելու մասին: Հաճախակի պարադոքսները քաղաքական գործչի կարիերայի մոտալուտ ավարտի մասին են վկայում, պարո'ն Րաֆֆի Հովհաննիսյան: Ե՞ս պետք է Ձեզ այս հասարակ բանը բացատրեմ:

 

Երդված նախագահացուների ինստիտուտի հանդեպ խորին հարգանքներով՝

Էդիկ Անդրեասյան