Փոխարժեքներ
02 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.74 |
EUR | ⚊ | € 448.8 |
RUB | ⚊ | ₽ 4.6795 |
GBP | ⚊ | £ 515.63 |
GEL | ⚊ | ₾ 140.69 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կաթնամթերքի շուկան, կարծես, հայտնվել է խոցելի վիճակում։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցումների հիման վրա պարզեց՝ Իրանից զանգվածաբար ներմուծվում է ծագումով անհասկանալի սերուցք, որը, ըստ ոլորտի մասնագետների, առանց պատշաճ վերահսկողության դառնում է տարբեր կաթնամթերքի հիմք՝ կարագից մինչեւ պաղպաղակ` «տեղական արտադրության» պիտակով։
«Ժողովուրդ» օրաթերթին ՊԵԿ-ից պաշտոնապես հայտնեցին, որ ներմուծումները կատարել են մի շարք ընկերություններ, որոնց թվում են.
– «Պրոգրես Ս.Ս» ՍՊԸ-ն
– «ՄԻԼԼԿԱԹ» ՍՊԸ-ն
– «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն
– «Ստեպպրոգրես» ՍՊԸ-ն
– «Թամարա» ՍՊԸ-ն
– «Միլք ափ պլյուս» ՍՊԸ-ն
– «Խաք» ՍՊԸ-ն
– «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ն
Որպեսզի հնարավոր լինի պատկերացնել, թե ինչ ծավալների մասին է խոսքը, ապա, կրկին պաշտոնական տվյալների հղումով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2025 թվականի օգոստոսի 1-ը Իրանից ՀՀ ներմուծվել է շուրջ 1472 տոննա սերուցք։ Ընդհանուր ներմուծման արժեքը գերազանցել է մոտ 1.5 միլիարդ դրամը։ Իսկ 2025-ին 823.5 տոննա սերուցք` ընդհանուր 1,68 մլրդ դրամ արժեքով: Սակայն սրանք դեռ 7 ամսվա տվյալներն են. 2025 թվականը դեռ շարունակվում է:
Այսինքն` ահռելի քանակությամբ սերուցք է մտնում Հայաստան: «Ժողովուրդ» օրաթերթը https://armlur.am/1498783/ դեռ օգոստոսին հրապարակել էր, որ տեղական արտադրության անվան տակ շուկա է մտնում պարսկական սերուցքային հիմքով պատրաստված կարագ կամ կաթնային այլ արտադրանք, որի մի մասը մնում է այստեղ ու, ամենայն հավանականությամբ, հասնում է սպառողի սեղանին կաթի, թթվասերի, կաթնաշոռի, կարագի կամ այլ արտադրանքի տեսքով։ Պնդել, որ Իրանից ներմուծվող կաթի սերուցքը վտանգում է սպառողների առողջությունը, դեռ վաղաժամ է, սակայն բաց աղբյուրների որոշակի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ խնդիր, ամեն դեպքում, կա։ Մասնավորապես՝ ՌԴ-ի համապատասխան մարմինները մի քանի անգամ խոսել են խնդրի մասին, նույնիսկ պահանջել, որ Իրանում արտադրվող կաթնամթերքի գործարաններում տեղադրվեն տեսախցիկներ, որպեսզի ռուսական կողմը կարողանա հսկել ապրանքի արտադրության ընթացքը։ Ակնհայտ է, որ խնդիր նկատվել է ռուս մասնագետների կողմից, ու ըստ որոշ տեղեկությունների՝ հայկական կաթնամթերքի որոշակի խմբաքանակների մուտքը ՌԴ եւս արգելվել է «պարսկական սերուցքի» պատճառով։
Հ. Գ. Հայկական բեռնափոխադրող ընկերությունները հենց սրա համար են հաճախ խնդիրներ ունենում ՌԴ-ում, քանի որ ՌԴ-ն արգելել է այդ սերուցքի հիմքով արտադրության ներմուծումը իրենց երկիր»։