Փոխարժեքներ
25 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.72 |
EUR | ⚊ | € 449.77 |
RUB | ⚊ | ₽ 4.5731 |
GBP | ⚊ | £ 515.33 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախօրեի գիշերը ավտոմատային կրակոցներ են հնչել Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի՝ Մերձավանի տան մոտ: Հարձակման հետևանքով սպանվել են ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը, նրա ընկեր, ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը, նրանց հետ դեպքի վայրում գտնվող ևս մեկ անձ վիրավորվել է: Հանցագործը կամ հանցագործները երեկ, օրվա վերջի դրությամբ, դեռ չէին հայտնաբերվել:
Դեպքի մասին հայտնի դառնալուց գրեթե անմիջապես հետո թե՛ քաղաքական տարբեր գործիչների, թե՛ համայնքի բնակիչների, թե՛, ընդհանրապես, քաղաքացիներից շատերի հայացքներն ուղղվեցին դեպի օրվա իշխանությունը: Իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, արձագանքեց, «խստորեն դատապարտեց» կատարվածը, ցավակցեց...
Բայց: Ընդամենը կես տարի առաջ Վոլոդյա Գրիգորյանը ՏԻՄ ընտրություններում անվիճելիորեն հաղթել էր՝ առաջ անցնելով ՔՊ թեկնածուից: «Իրական Հայաստանում» այն եզակի դեպքերից էր, երբ ընտրություններում հաղթելուց հետո ոչ իշխանական թեկնածուի նկատմամբ քրեական գործ չէր հարուցվել, հետապնդումներ չէին սկսվել: Բայց հնչեց ավտոմատի կրակահերթ: Աղոտ, բայց հույս ունենանք, որ նորմալ քրեական քննություն կիրականացվի ու մեղավորը կամ մեղավորները կբացահայտվեն: Այնպես որ, մանրամասների մեջ մտնելու, առավել ևս դավադրապաշտություններին տրվելու կողմնակից չենք:
Բայց կան ծանրակշիռ պատճառներ, որպեսզի կատարված ոճրագործությունը գնահատվի որպես քաղաքական, ինչպես նշում են շատերը: Առնվազն՝ քաղաքական ենթատեքստն ակնհայտ է: Մերձավանում հնչած կրակահերթն երկրում փաշինյանական իշխանության ձևավորած թունավոր մթնոլորտի ուղիղ հետևանք է, ամենաքիչը:
Դա այն մթնոլորտն է, որ ձևավորվում է Փաշինյանի անմիջական մասնակցությամբ՝ մուրճ ճոճելով, «վիզ կտրելու», հաշվեհարդարների սպառնալիքներով, ընդդիմադիրների հասցեին թշնամանք ու ատելություն քարոզելով: Ի լրումն՝ յուրայինների անպատժելիության արմատավորմամբ: Հաշվեհարդարային մթնոլորտ, եթե կարելի է այդպես ասել: Հետապնդվում են քաղաքական գործիչներ, բարձրաստիճան հոգևորականներ, խոշոր բարերար-գործարար, տասնյակ ու տասնյակ ակտիվիստներ, որպես կանոն՝ խոսք ասելու, իշխող ուժի ու նրա ղեկավարի դեմ խոսելու համար:
Եվ եթե պետության ղեկին նստած անձը իրեն իրավունք է վերապահում մուրճ ճոճել հանրության վրա, ապա անխուսափելիորեն կգտնվեն այնպիսիները, որ կփորձեն «զենք քաշել» մեկ ուրիշի վրա:
Ի լրումն դրա, Փաշինյանի պաշտոնավարման շրջանում, մանավանդ ու հատկապես վերջին տարիներին, ամբողջ իրավապահ համակարգը զբաղված է բացառապես 1 անձի՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության պահպանությամբ, զբաղված է նրա հակաընդդիմադիր քմահաճույքներն սպասարկելով, ընդդիմախոսներին «ԱԱԾ պադվալները լցնելով», այլևայլ անիրավություններով:
Դրա անխուսափելի հետևանքը լինելու էր այն, ինչ կատարվեց նախօրեի գիշերը: Ու առհասարակ, նկատե՞լ եք, թե որքան հաճախ են լրահոսում հայտնվում տեղեկություններ Երևանում, այլ վայրերում «կրակոցներ են հնչել» ձևակերպմամբ:
Այն, ինչ կատարվում է, հետևանքներ են: Ուրեմն, նախ՝ պատճառից է պետք ձերբազատվել:
Հ.Գ.-Ի դեպ, երեկ արդեն տարածվեցին տեսանկարահանող սարքերի կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես է հանցագործը կատարում սպանությունը: Մեզ հետ զրույցում փորձագետներից մեկը ուշադրություն հրավիրեց հանցագործի «ցատկոտող» քայլվածքին, տարօրինակ լայն բացված ոտքերին, ինչպես նաև այն հանգամանքից, որ նա հատուկ «համազգեստով» էր, ի մասնավորի՝ անձրևանոցով: Ըստ մեր զրուցակցի, դա կարող է նպատակ ունենալ ճանաչման աշխատանքները դժվարացնելու կամ անհնարին դարձնելու համար, քանի որ տեխնիկական զարգացման ներկա պայմաններում հնարավոր է դարձել քայլվածքով, սիլուետով նույնականացնել մարդուն: Մեր զրուցակցի խոսքով, դա նշանակում է, որ նրա հետ կարող էին լուրջ աշխատանքներ տանել համապատասխան գիտելիքներ և տեղեկություն ունեցող պրոֆեսիոնալներ: Միևնույն ժամանակ, փորձագետը նաև տարօրինակ է համարում մարդասպանի՝ մի կարճ տարածություն փախչելու, ապա արագ հետ շրջվելու և «կոնտրոլնի» կրակահերթեր արձակելու հանգամանքը, ինչը իրավապահները կարող են ուսումնասիրել այն տեսակետից, թե արդյո՞ք նա այդ պահին տվյալ տարածքում միայնակ է եղել...